Մատչելիության հղումներ

Ուսանողների բողոքի կազմակերպիչները, ըստ ԿԳ նախարարության, «ժառանգություն» կուսակցության անդամներն են


Բողոքող ուսանողները Կառավարության շենքի մոտ: 6-ը մայիսի, 2010թ.
Բողոքող ուսանողները Կառավարության շենքի մոտ: 6-ը մայիսի, 2010թ.

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությանը հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, թե հինգշաբթի օրը ԵՊՀ-ից դեպի կառավարության շենք երթի եւ բողոքի ցույցի իրական կազմակերպիչները «Ժառանգություն» կուսակցության անդամներն են:

Մագիստրատուրայում եւ ասպիրատուրայում տարկետման իրավունքով տեղերի կրճատման դեմ բողոքող ուսանողները հինգշաբթի օրը, հիշեցնենք, նաեւ իրենց պահանջներով նամակ էին հանձնել՝ հասցեագրված վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ նախարար Արմեն Աշոտյանին:

Կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ նախարարությունը նամակը դեռ պաշտոնապես չի ստացել, եւ նախարար Աշոտյանը նամակին ծանոթացել է զանգվածային լրատվամիջոցներից:

Հաղորդագրության հեղինակները, այդուհանդերձ, նշում են. - «Գրության բովանդակության հետ կապված, պետք է նշել, որ իրականում երթի կազմակերպիչները «Ժառանգություն» կուսակցության անդամներն:

Երթի կազմակերպիչներից Դանիել Իոննիսյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ կապակցությամբ ասաց, որ թեեւ ինքը «Ժառանգություն» կուսակցության անդամ է, ընդդիմադիր կուսակցությունն ակցայի հետ որեւէ կապ չունի:

«Այստեղ խնդիրն այլ է՝ Կրթության եւ գիտության նախարարությունը վերջին տարիներին ինտենսիվորեն կուսակցականացնում էր ամբողջ համակարգը, միջին, բարձրագույն ուսումնական հաստատությունները, կուսակցականացրեց բոլոր ուսանողական խորհուրդները, եւ դրանից հետո նման մեղադրանքներ է առաջադրում «Ժառագություն» կուսակցությանը», - հավելեց նա:

Ուրբաթ օրը այս կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցությունը, նշելով. - «Հարգելով ուսանողների ցանկությունը` չկուսակցականացնել իրենց խնդիրները՝ «ժառանգություն»-ը մշտապես զերծ է մնացել նշված միջոցառումներին միջամտելուց: Ինչ վերաբերում է «Ժառանգության» անդամ ուսանողներին, ապա կուսակցությանն անդամակցությունը չի սահմանափակում նրանց քաղաքացիական իրավունքները, այդ թվում` ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները»:

Կրթուան եւ գիտության նախարարության հաղորդագրությունում շեշտվում է, որ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում պետպատվերը չի կրճատվել, տեղի է ունեցել միայն վերաբաշխում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման եւ առանց տարկետման տեղերի միջեւ, ինչը «միտումնավոր է շրջանցվում բողոքի ակցիայի կազմակերպիչների կողմից, որը կարելի է դիտարկել որպես համախոհներին մոլորեցնելու փորձ»:

Ուսանողները, սակայն, պնդում են, որ իրենք ի սկզբանե պայքարել են հենց զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի պահպանման համար, այլ ոչ թե պետպատվերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG