Մատչելիության հղումներ

Exit poll-ի տվյալներով` Մեծ Բրիտանիայի ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի ստանա


Մեծ Բրիտանիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից եւ ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի ստանա, բրիտանական հեռուստաընկերություններով հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը:

Exit poll-ի տվյալներով` պահպանողականները համայնքների պալատում կստանան 305, լեյբորիստները` 255, իսկ լիբերալ դեմոկրատները` 61 մանդատ:

Արտգործնախարարի խոսքով` ընտրողները առավելագույն ձայներ ստացած կուսակցություններին բանակցելու առաջարկ են արել. - «Նոր քաղաքականության ժամանակն է եկել, երբ ուժեղ կառավարություն կարող է ձեւավորվել առաջատար քաղաքական ուժերի ջանքերով»:

Գործող վարչապետ, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Գորդոն Բրաունը փորձում է իշխող կոալիցիա ձեւավորել, հաղորդում են լրատվական գործակալությունները:

Պահպանողական կուսակցության առաջնորդ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, թե իրենք կսպասեն, իհարկե, վերջնական արդյունքների հրապարակմանը, սակայն ակնհայտ է, որ լեյբորիստական կառավարությունը կորցրել է երկիրը ղեկավարելու մանդատը:

Հազարավոր մարդիկ չեն կարողացել մասնակցել ընտրություններին` քվեաթերթիկների վերջանալու պատճառով: Sky News հեռուստաընկերության փոխանցմամբ` ընտրություններին մասնակցել ցանկացողների թիվը նախատեսվածից շատ է եղել, եւ մի շարք ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամները ստիպված են եղել ոստիկաներին կանչել զայրացած քաղաքացիներին հանդարտեցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG