Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը հույս է հայտնում, որ հեռարձակման արտոնագրերը կտրամադրվեն անկախ եւ թափանցիկ մրցույթով


ԱՄՆ-ի դեսպանը այցելում է «Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով լուսանկարչական ցուցահանդես
ԱՄՆ-ի դեսպանը այցելում է «Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով լուսանկարչական ցուցահանդես

Ելույթ ունենալով երկուշաբթի օրը Հայաստանի Նկարիչների միությունում «Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը հույս է հայտնել, որ հուլիսին կայանալիք մրցույթում հեռարձակման արտոնագրեր կտրամադրվեն անկախ եւ թափանցիկ գործընթացի արդյունքում։

Դեսպան Յովանովիչը հիշեցրել է, որ լրատվամիջոցների ազատության խնդիրներով զբաղվող Freedom House կազմակերպության վերջին զեկույցում Հայաստանը կրկին հայտնվել է «ոչ ազատ» երկրների շարքում։ Խստորեն դատապարտելով լրագրողների նկատմամբ ոտնձգությունները, բռնությունները եւ գրաքննությունը՝ դեսպանը նկատեց, որ անհրաժեշտ է համարում՝ «ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները բարելավելու այն միջավայրը, որտեղ աշխատում են լրագրողները»:

Հայաստանը «ոչ ազատ» երկրների խմբում հայտնվեց այն բանից հետո, երբ 2002 թվականին եթերազրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը՝ 2003 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ զրկվելով հեռարձակման լիցենզիայից։ Անցած տարիների ընթացքում «Ա1+»-ը մասնակցել է հեռարձակման լիցենզավորման 10-ից ավելի մրցույթների եւ բոլոր դեպքերում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ լիցենզիա չի ստացել:

«Մենք հույս ունենք, որ հուլիսին կայանալիք մրցույթում, հեռարձակման արտոնագրերը կտրամադրվեն անկախ եւ թափանցիկ գործընթացի արդյունքում»,- ասաց Մարի Յովանովիչը։

Անդրադառնալով Հայաստանում լրագրողների նկատմամբ գրանցված բռնությունների դեպքերին՝ ԱՄՆ-ի դեսպանը ընդգծեց. - «Մենք հորդորում ենք Հայաստանի իշխանություններին հետեւողականորեն քննության առնել եւ բացահայտել լրագրողների նկատմամբ հարձակումները քանի որ անպատժելիության մթնոլորտը կարող է խթանել հետագա ոտնձգությունները»։

Մարի Յովանովիչը ողջունեց էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հարցում Հայաստանի իշխանությունների ձեռնարկած ակտիվ քայլերը։ - «Սա կարեւոր քայլ է կառավարության կողմից տնօրինվող տեղեկատվությունը հանրությանը առավել հասանելի դարձնելու ուղղությամբ», - ասաց Յովանովիչը՝ հավելելով. - «Այսօրվա արագ փոփոխվող համաշխարհային միջավայրում հասարակությունները պետք է օգտագործեն քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը, ինչը ենթադրում է վստահել սեփական քաղաքացուն` լիարժեք տեղեկատվության հիման վրա իմաստուն որոշումներ կայացնելու հարցում»:

Իր ելույթի վերջում Յովանովիչը կոչ արեց բոլորին «աշխատել առավել բաց եւ իրազեկ հասարակություն ունենալու համար Հայաստանում եւ ամբողջ աշխարհում»:
XS
SM
MD
LG