Մատչելիության հղումներ

Ապրիլի 28-ի մամուլ


«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Եթե հանրությունն ու 24-ամյա Վահան Խալաֆյանի հարազատներն աղմուկ չբարձրացնեին եւ չպահանջեին այս գործով լիարժեք քննություն կատարել ու մեղավորներին պատժել, կարող եք միանգամայն վստահ լինել, որ այս գործը եւս փակված կլիներ` այնպես, ինչպես Լեւոն Գուլյանի դեպքում արեցին: Սակայն այս անգամ, փաստորեն, հանրության ճնշման տակ Հատուկ քննչական ծառայությունը ստիպված եղավ որոշ իրողություններ ընդունել, եւ արդեն կան մի քանի ձերբակալվածներ: Ճիշտ է` առայժմ բոլոր կալանավորվածները մեղադրվում են ինքնասպանության հասցնելու մեջ, սակայն հույս կա, որ ի վերջո նախաքննության մարմինը «կբացահայտի», որ սպանություն է տեղի ունեցել: Դրան կնպաստեն մամուլի հրապարակումները եւ հանրության ակտիվությունը»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը համադրում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը Ազգային ժողովի օրակարգի հետ. - «Հայաստանն ընդամենը կարող է թուլացնել կամ ուժգնացնել իր վրա միջազգային ճնշումները ու մի քիչ բալանսավորել ճնշումներն ու գովասանքները: Մինչդեռ հասնել իր մրցակից պետությունների հանդեպ որեւէ ստրատեգիական առավելության, Հայաստանը ունակ չէ, որովհետեւ դրա համար անհրաժեշտ են քայլեր երկրի ներքին կյանքում: Բայց երկրի ներքին կյանքում էլ հայ-թուրքական թեմատիկային փոխարինելու է գալիս ստրիպտիզի թեման, կարծես թե Հայաստանն այլ խնդիր չուներ եւ մնացել էր ստրիպտիզի կարգավորումը: Ըստ երեւույթին իշխանությունը համարում է, որ իր գործը արել է, լուծել է միջազգային աջակցությամբ երկրի ներսում իշխանություն պահելու իր խնդիրը, ու հիմա ժամանակն է կանոնակարգել հաճույքների ու ժամանցի ոլորտները՝ լիարժեք թուլանալու եւ հաճույք ստանալու համար: Երկրում ահագնանում է սոցիալական բեռը, գնաճը պատել է բոլոր ոլորտները, փոքր ու միջին բիզնեսը կքում է հարկային բեռի տակ, գյուղացիական տնտեսությունները ստիպված են վարկերը մարելու անկարողության պատճառով հանձնվել բանկերին, կորցնել իրենց հողերը, գույքը, իսկ Հայաստանի խորհրդարանը, հայ-թուրքական արձանագրությունները դնելով մի կողմ, ձեռնամուխ է լինում ստրիպտիզի մասին օրենքի քննարկմանը կամ ինչ-որ դրոշմանիշներ թե ակցիզներ է ուզում փակցնել աուդիո եւ վիդեո սկավառակների վրա, որ պայքարի, այսպես ասած, «ծովահենային» արտադրանքի դեմ: Սա խոսում է իրավիճակի հանդեպ Հայաստանի իշխանության բացարձակ ոչ ադեկվատության մասին, այն մասին, որ երկրի ներքին կյանքը իշխանության համար արձակուրդային ընկալում ունի եւ այստեղ էկզոտիկ օրինագծերի վրա հանգստանում են, մինչեւ որ դրսից նորից կլինի «պարի» պատվերներ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եթե հիշում եք, հայկական դրամն առաջին անգամ կտրուկ արժեզրկվեց 2009-ի մարտի 3-ին՝ դոլարի փոխարժեքը 305-ից «թռավ» 360-370: Դա, մեծ հաշվով, անխուսափելի էր. ճգնաժամը խորանում էր, պահուստները սպառվում էին, եւ իշխանությունները այլ ելք պարզապես չունեին: Բայց հետագայում կառավարությունը «գլխից դուրս» վարկեր վերցրեց՝ այնքան շատ, որ մինչեւ հիմա էլ չգիտի, թե ինչպես է ծախսելու: Այսինքն, հետագայում ցանկության դեպքում լավ էլ կարող էր «կայունացնել» դրամի փոխարժեքը, բայց արի ու տես, որ այս տարեսկզբին դրամը նորից կտրուկ արժեզրկվեց (ինչ-որ պահի դոլարի փոխարժեքը հասավ 420 դրամի): Ինչո՞ւ այդպես եղավ: Որովհետեւ իշխանություններին թվում էր, թե «հեսա-հեսա» հայ-թուրքական սահմանը բացվելու է, տնտեսական մրցակցության խնդիր է առաջանալու, հետեւաբար՝ պետք է տնտեսության արտահանող ճյուղերի համար շատից-քչից նպաստավոր պայմաններ ստեղծել: Հետո պարզվեց, որ դա խաբկանք էր: Ճիշտ այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցում «մենք մեր որոշումը համարյա ունենք», իշխանությունները սկսեցին դարձյալ «ուժեղացնել» դրամը: Արտահանող տնտեսությունը դարձյալ երկրորդ պլան մղվեց, որովհետեւ արտահանելու տեղ պարզապես չկար»:

lragir.am-ը տեղեկացնում է, որ ԵԽԽՎ նստաշրջանում 20 պատգամավորներ հայտարարություն են ընդունել, ըստ որի դատապարտվում է ցանկացած գործողություն, որը խանգարում է Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Այս 20 պատգամավորներն ի նկատի են ունեցել ԼՂՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունը: Իսկ որպես դրական օրինակ նրանք նշել են Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Բաքու: Հայտարարությունը կազմակերպվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակների կողմից:

Ըստ «Ազգ» թերթի տեղեկությունների, Վիեննայում կանցկացվի մայիսի 5-ին, երբ միջնորդները ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւին ու Մինսկի խմբի երկրներին կներկայացնեն բանակցային գործընթացի զարգացումները: Վիեննայում էլ կավարտվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի պաշտոնավարումը որպես համանախագահի: Նրա գործունեության հետագա ուղին, ամենայն հավանականությամբ, կլինի Էստոնիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը:

Ըստ «Կապիտալ»-ի տրամադրած տեղեկատվության, Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկի որոշմամբ` ուկրաինական եթեր են վերադառնում ռուսական հեռուստաալիքները, հանրային հեռուստատեսությունում վերացվում է ուկրաիներենի մենաշնորհային կարգավիճակը, իսկ վարձույթի սրահներին թույլատրվում են ռուսալեզու ֆիլմերն ու հեռուստահաղորդումները չթարգմանել ուկրաիներեն: Բացի այդ՝ նախատեսվում է ծնողներին երեխաների ուսուցման լեզուն ընտրելու իրավունք տալ, նաեւ ուսումնական նոր տարվանից դպրոցներում ռուս գրականության դասավանդման պարտադիր ծրագիր մտցնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG