Մատչելիության հղումներ

Ապրիլի 27-ի մամուլ


«168 ժամ»-ն էլ գրում է.- «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` տեղեկացնելով, որ արտահերթ զեկույց է պատրաստում հավաքների անցկացման մասին, որն էլ ԱԺ-ին կներկայացնի մեկ ամսվա ընթացքում: «Հաշվի առնելով, որ ներկայումս ԱԺ-ում շրջանառության մեջ դրված է հավաքների անցկացման իրավունքի վերաբերյալ երկու նախագիծ` տեղեկացնում եմ, որ իմ կողմից պատրաստվում է այդ ոլորտում երկրում առկա հիմնախնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույց, ինչպես նաեւ` «Հավաքների մասին» օրինագիծ», - նամակից մեջբերում է թերթը:

Ըստ «Ժամանակ» օրաթերթի, Հայաստանում արդեն տրվել է նախընտրական ժամանակահատվածի մեկնարկը: Հոդվածագիրը դա հետեւյալ կերպ է մեկնաբանում. - «Բանն այն է, որ արդեն ոչ առաջին անգամ Հայաստանի իշխանական էլիտան բավական հետաքրքիր ձեւով է դասավորվում որեւէ միջոցառման ժամանակ, երբ առկա է ամբողջ էլիտայի մասնակցությունը: Այդօրինակ վերջին դրսեւորումը ապրիլի 24-ին էր, Ծիծեռնակաբերդում՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Բանն այն է, որ իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի առաջ դասավորվել էր բավական հետաքրքրական հերթականությամբ: Ի պաշտոնե առաջին դեմքը հանդիսացող Սերժ Սարգսյանի կողքին կանգնել էր ի պաշտոնե երրորդը համարվող վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ ի պաշտոնե պետության երկրորդ դեմքը համարվող Հովիկ Աբրահամյանը կանգնել էր առաջին դեմքից բավական հեռու: Այդպիսի պարագաներում դասավորությունն ամենեւին էլ պատահական չի ստացվում»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ «Առավոտ»-ին հարցազրույց է տվել ադրբեջանցի քաղաքագետ, Ճգնաժամային իրավիճակների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Զարդուշտ Ալիզադեն: Հարց. «Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Ինչպե՞ս եք դուք մեկնաբանում այս վերջին զարգացումները»: Պատասխան. - «Արձանագրությունների վավերացումը ձգձգվում էր ե'ւ ղարաբաղյան խնդրի, ե'ւ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մեջ եղած մեկնաբանությունների պատճառով: Ցյուրիխյան արձանագրություններում հստակ ասված էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հանուն տարածաշրջանային կայունության, անվտանգության էր: Ի՞նչ կայունության եւ անվտանգության մասին կարող էր խոսք լինել առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման: Բոլորը գիտեն, որ երկկողմ այդ հարաբերությունները սառեցվել էին Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով, եւ, կարծում եմ, Հայաստանի Հանրապետության նախագահի որոշումը փորձ է ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Բայց Թուրքիան մի երկիր է, որի վրա որեւէ երկիր, նաեւ ԱՄՆ-ը, ճնշումներով ոչնչի չի հասնի: Կարծում եմ, Թուրքիայում քաղաքականության փոփոխություն կարող է թելադրել միայն ներքին իրավիճակը, իսկ հայկական համառությունն ավելորդ է, թեեւ դա էլ ներքին պատճառներ ունի»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը եւս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հոդվածագիրը գտնում է, որ հարաբերությունների կարգավորման շուրջ ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգի կասեցումից, ապրիլքսանչորսյան միջոցառումներից եւ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ուղերձից հետո ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է. - «Փոխվել է այն, որ արդեն այսօր Ղարաբաղի հարցով ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանն են բանակցում, այլ Թուրքիան ու Ռուսաստանը: Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի՝ մայիսին Թուրքիա կատարելիք այցի առանցքային թեման լինելու է Ղարաբաղը: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե թեմաներից մեկը, այլ հենց «առանցքային թեման»: Ընդ որում, Ռուսաստանն ու Թուրքիան լուրջ երկրներ են, եւ նման հայտարարությունները հենց այնպես, առանց միմյանց հետ համաձայնեցնելու, չեն անում: Տեսականորեն մեզ, իհարկե, կարող էր մխիթարել այն փաստը, Ադրբեջանը նույնպես այդ բանակցություններին չի մասնակցելու: Բայց Թուրքիան միշտ հայտարարել է, որ այդ հարցում Ադրբեջանի կողքին է, եւ «օկուպացված տարածքներն» էլ իր տարածքներն է համարում»:

Թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ը՝ գրելով. - «Հիմա արդեն, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը սառեցված է պաշտոնապես, կարող ենք արձանագրել, որ Հայաստան - Թուրքիա սահմանի բացումը առանձնապես չի հետաքրքրում Օբամային, որովհետեւ եթե նա առանց սահմանի բացման երկու անգամ կարողացել է խուսափել «ցեղասպանություն» բառի օգտագործումից, եւս երկու անգամ կկարողանա դա անել: Իսկ այնտեղ արդեն ավարտվում է նրա նախագահական ժամկետը: Հաջորդ ընտրությունների նախընտրական շրջանում նա կարող է նոր խոստումներով հմայել ԱՄՆ-ի հայ համայնքին»:

«Հայոց Աշխարհ»-ին հարցազրույց է տվել Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ): Հարց. - «Մարտիմեկյան զանգվածային անկարգությունների զոհերի հարազատները դիմել են դատարան՝ բողոքարկելով քննչական խմբի անգործությունը սպանությունների բացահայտման հարցում։ Որպես «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ, ի՞նչ եք կարծում՝ այդ դատական հայցերը հեռանկար ունե՞ն»։ Պատասխան. - «-Զուտ զգացմունքային հարթության մեջ զոհվածների ծնողների եւ հարազատների ցանկացած քայլ ընդունելի եւ ընկալելի եմ համարում. նրանք կորցրել են իրենց զավակներին, հարազատներին, եւ ճշմարտությունը պարզելու համար պատրաստ են դիմելու ցանկացած քայլի։ Եթե հիշում եք, հանձնաժողովը իր ամփոփիչ զեկույցում նույնպես քննադատել է հատուկ քննչական ծառայության աշխատանքը, այն առումով, որ արդյունք չկա՝ մահվան դեպքերը դեռեւս մինչեւ վերջ չեն բացահայտվել։ Այլ բան է՝ ի՞նչ չի արել քննչական խումբը, որ պետք է աներ։ Մենք այս հարցը քննարկել ենք բազմաթիվ մասնագետների, փորձագետների հետ, եւ այդպես էլ դրա պատասխանը չենք գտել, չենք կարողացել պարզել՝ կոնկրետ ինչի համար կարելի է այդ մարդկանց մեղադրել, այլապես սիրով կնշեինք այդ ամենը մեր եզրակացության մեջ»։

Նույն թերթը «Ծախել, ծախել մինչեւ վերջ» վերնագրի ներքո գրում է. - «Գրողների միության ղեկավարությունը միության շենքին հարակից այգու տարածքը վաճառեց, ուր արդեն բարձրահարկ է կառուցվում, ըստ հավաստի տեղեկությունների, վաճառվել է նաեւ Սեւանի ստեղծագործական տունը: Կոմպոզիտորների միության ղեկավարությունը միության շենքի տարածքի մի մեծ հատված նույնպես վաճառել է, ուր ռեստորան է գործում: Կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունը ավելի վաղ է վաճառել իր շենքի կեսը, որի տեղում արդեն հսկա էլիտար բնակելի շենք է կանգնած: Նկարիչների միության ղեկավարությունը եւս բիզնես ծրագրերից անմասն չէ. 90-ականների կեսերին վաճառեց միության շենքին հարակից կիսակառույց շինությունը, իսկ տարիներ առաջ` շենքի հետնամասի մեծ տարածքը, ուր նույնպես վեր է խոյացել նշանակությամբ մեկ այլ շենք: Իսկ այսօր հերթը հասել է Հայաստանի Թատերական գործիչների միության շենքին: Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը վաճառել է Մաշտոցի 13 հասցեում գտնվող միության քարե եռահարկ շենքը: Եվ հավանաբար շատ շուտով միության շենքի տեղում` մայրաքաղաքի սրտում, Մաշտոցի պողոտայի լավագույն հատվածում վեր կխոյանա հերթական էլիտար շինությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG