Մատչելիության հղումներ

Հայերը Պրահայում նշել են Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցը


Շուրջ երկու հարյուր հայեր երեկ Չեխիայի մայրաքաղաքում հարգանքի տուրք են մատուցել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում սպանված մեկ եւ կես միլիոն հայերի հիշատակին։

Կեսօրին նրանք հավաքվել են Պրահայի կենտրոնի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Յունգմաննի հրապարակում։ Երիտասարդները պարզել են «Թուրքիան մեկ եւ կես միլիոն հայ է սպանել», «Չեխիա՝ ճանաչի՛ր Հայոց ցեղասպանությունը» չեխերեն եւ անգլերեն լեզուներով պաստառներ։

Պրահայի կենտրոնի իշխանության կողմից պաշտոնապես արտոնված ցույցի ընթացքում երիտասարդները բարձրախոսով ընթերցել են համառոտ տեղեկություններ Մեծ Եղեռնի մասին, հրապարակել են Ցեղասպանությունը ճանաչած միջազզային կազմակերպությունների եւ պետությունների ցանկն ու Չեխիային ուղղված կոչը։

Ապա ցուցարարները երթով անցել են Պրահայի պատմական կենտրոնի մարդաշատ փողոցներով, ճանապարհին հայ երեխաները անգլերեն եւ չեխերեն գրված թռուցիկներ են բաժանել անցորդներին՝ չեխերին եւ օտարերկրացի բազմաթիվ զբոսաշրջիկներին, որոնց թվում եղել են նաեւ Թուրքիայից ժամանած խմբեր։

Ցույցից եւ երթից հետո Սուրբ Եղիայի եկեղեցում Չեխիայի հայության հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի եւ Սլովակիայի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտի ներկայացուցիչ արխիմանդրիտ Սերգին մատուցել են էկումենիկ պատարագ, որին ներկա են եղել Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Չեխիայում Վրաստանի եւ Հունաստանի դեսպաններ Նինո Նակաշիձեն եւ Կոնստանտինոս Կոկոսսիսը։

Եկեղեցական ծառայությունից հետո Պրահայի կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի է ունեցել ոգեկոչման միջոցառում, որը վարել է երեկոյի կազմակերպիչներից «Արմենիա Կլուբ» ՀԿ-ի նախագահ, նկարիչ Տիգրան Աբրահամյանը։

Այդ միջոցառմանը ներկա են եղել Պրահայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան, ուղղափառ արխիմանդրիտ Սերգին, Չեխիայի սենատի անդամ Յարոմիր Շտետինան, Չեխիայում ՀՀ դեսպան Հովակիմյանը, Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովը, Հունաստանի դեսպան Կոկոսսիսը։ Սենատոր Շտետինան իր ելույթում ասել է, որ հինգ տարի առաջ տված իր խոստումն ուժի մեջ է, եւ ինքը շարունակելու է ջանքեր գործադրել Չեխիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ։

Ոգեկոչման երեկոյի ընթացքում ցուցադրվել է վավերագրական ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, ելույթ են ունեցել հայ եւ չեխ երաժիշտները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG