Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը


Ուրբաթ օրը տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ընդհանուր ժողովը, որին ներկա էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը իր հաշվետու զեկույցում անդրադարձավ անցած տարվա ընթացքում ակադեմիայի համակարգի ձեռքբերումներին՝ առանձնացնելով երկու իրադարձություն՝ ԳԱԱ-ի կենտրոնական մասնաշենքի կապիտալ վերանորոգումը եւ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրինագծի հաստատումը Կառավարության կողմից:

3788 աշխատակից ունեցող ակադեմիայի համակարգում գիտաշխատողների միջին աշխատավարձը 57 հազար դրամ է կազմում (նախորդ հաշվետու ժամանակաշրջանում՝ 51 հազար դրամ), նվազագույն աշխատավարձը՝ 30 հազար դրամ:

Համեմատության համար Մարտիրոսյանը նշեց, որ եվրոպական գիտական կենտրոններում աշխատակիցների տարեկան միջին աշխատավարձը շուրջ 200 հազար եվրո է՝ ավելի քան 10 անգամ պակաս, քան մեզանում:

Ժողովում, ինչպես եղել է տարիներ շարունակ, հնչեցին նույն հոգսերը, նույն պահանջները՝ անհրաժեշտ գիտական սարքավորումների, անհրաժեշտ ֆինանսական հոսքերի, անհրաժեշտ երիտասարդ կադրերի, պետության կողմից անհրաժեշտ ուշադրության մասին: Տպավորությունն այնպիսին է, թե տարիներն անցնում են, բայց ոչինչ չի փոխվում:

Իր ելույթում Օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Վիգեն Թոփուզյանը անդրադարձավ երկու տարի առաջ իրականացված մի շարք գիտական հաստատությունների միավորմանը՝ նշելով, որ դա որեւէ կոնկրետ օգուտ չտվեց:

«Միավորման ընթացքում ազատվում են որոշ տարածքներ: Եթե մենք կարողանանք այդ տարածքների իրացումը կազմակերպել այնպես, որ դրանից եկած միջոցները տրամադրվեն կենտրոնի պայմանների բարելավմանը, մենք կունենանք որոշակի արդյունք», - ասաց նա՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունենում իրականում. - «Տեղափոխում ենք կազմակերպում, մարդկանց տեղահան ենք անում մի տեղից, որտեղ հին սարքավորում է եղել, հին կտուրներ են եղել, հին սենյակներ են եղել, մի ուրիշ տեղ, որտեղ էլի հին սարքավորում է, հին կտուրներ են եւ հին սենյակներ»:

Տարիներ ի վեր ծրագրեր են մշակվում Հայաստանի տնտեսության ու գիտության միջեւ անհրաժեշտ կապ հաստատելու ուղղությամբ, բայց, պարզվում է, ֆինանսական ներդրումների կամ աջակցության համար առեւտրային բանկերը ակադեմիական ինստիտուտներին վարկ տրամադրելու համար գրավ են պահանջում: Այս կապակցությամբ Թոփուզյանն ասաց, որ իրենք չեն կարող գրավ դնել ինստիտուտների շենքերը, քանի որ դրանք պետական են, գիտնականների սեփականությունը չեն:

«Մեզ առաջարկեցին մի քանի գիտնականների սեփականությունը գրավ դնել», - ասաց նա՝ հարուցելով դահլիճում գտնվողների ծիծաղը:

Իր ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց. - «Ցանկացած կառավարության համար գերնպատակ է ստեղծել մրցունակ տնտեսություն։ Ժամանակակից աշխարհում մրցունակ տնտեսություն ասելով հասկանում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն։ Ավելին, գիտելիքի վրա հիմնված տնտեսություն հնարավոր չէ ստեղծել, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա։ Սա է Հայաստանի Հանրապետության հեռանկարային եւ երկարաժամկետ զարգացման տեսլականը։ Մենք այլընտրանք չունենք, քան զարգացնել գիտությունը եւ դրա վրա հիմնված տնտեսություն։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես դա անել»։

«Դուք պետք է մեզ ներկայացնեք` որոնք են Հայաստանի Հանրապետության առջեւ կանգնած մարտահրավերները, որոնք են օրակարգային առաջնահերթ խնդիրները եւ դրանց լուծումները», - շարունակեց վարչապետը։ - «Այդ հարցերի պատասխանները ոչ թե կառավարությունից պիտի պահանջեք, այլ հակառակը` պիտի համարձակություն ունենաք հրապարակային ձեւով դրանք մատուցել հանրությանը… Եվ հնչում է շատ պարզ պատասխան՝ եթե ուզում եք, որ մարդիկ զբաղվեն գիտությամբ, բարձրացրեք աշխատավարձերը, բարձրացրեք ֆինանսավորումը: Եվ կա դրա հակադարձ հարցադրումը՝ եթե դուք ուզում եք, որ մենք ունենանք փող, ֆինանսներ, որպեսզի բարձրացնենք ձեր աշխատավարձերը, տվեք արդյունք, որը մենք կարողանանք վաճառել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG