Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Թուրքիան հավատարիմ է մնում արձանագրություններին»


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան

Թուրքիան հավատարիմ է մնում Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին` չնայած դրանց վավերացման գործընթացը առկախելու անհրաժեշտության մասին Հայաստանի կոալիցիոն կուսակցությունների հայտարարությանը: Այդ մասին հինգշաբթի օրը ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Մենք հաճախ ենք արտահայտել մեր նվիրվածությունը արձանագրությունների տառին եւ ոգուն եւ դրանք իրականացնելու մեր նպատակը», - «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը:

Նույն օրը ավելի վաղ Հայաստանի կոալիցիոն կուսակցությունների հայտարարությանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արձագանքել էր ընդամենը մեկ նախադասությամբ. - «Այս տեղեկատվության մասին մեզ պաշտոնապես հասած ոչ մի տեղեկություն չկա»:

Այդ մեկնաբանությունը Դավութօղլուն, ով ներկայումս բացակայում է երկրից, տվել էր թուրքական NTV հեռուստաընկերությանը:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը փոխանցել էր, որ պաշտոնական Անկարան ներկայումս քննարկում է ձեռնարկվելիք քայլերը:

«Մենք գնահատում ենք այդ հայտարարության բովանդակությունը, եւ թե ինչ է այն նշանակում իրավական եւ քաղաքական առումներով», - ասել էր Օզյուգերգինը եւ հավելել. - «Այդ համատեքստում մենք նաեւ քննարկում ենք քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկայում»:

Թուրքական կողմի ավելի ընդգրկուն արձագանքը ակնկալվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից հետո:


Սաթենիկ Վանցյան, Ստամբուլից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG