Մատչելիության հղումներ

Ապրիլի 21-ի մամուլ


«Կապիտալ»-ը տեղեկացնում է. - «Հայաստանը առաջին եռամսյակը փակում է 5.5 տոկոս տնտեսական աճով: Տնտեսական աճի տեմպի արագացումը վկայում է իրավիճակի կայունացման մասին: Հիշեցնենք, որ փետրվարին տնտեսական աճը 3.1 տոկոս էր: Ազգային վիճակագրական ծառայության շտապ հավաքագրված տվյալներով` աճ է արձանագրվել տնտեսության համարյա բոլոր ճյուղերում` բացի շինարարությունից: Այսպես` արդյունաբերական աճը 10.4 տոկոս է, գյուղատնտեսությանը` 3.2 տոկոս, մանրածախ առեւտուրն աճել է 1 տոկոսով, իսկ ծառայությունները` 6.2 տոկոսով: Շինարարական անկումը 0.6 տոկոս է: Հետեւաբար` տնտեսական իրավիճակի բարելավման հետ մեկտեղ տեղի են ունենում կառուցվածքային դրական տեղաշարժեր: Արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում անշեղորեն վերականգնվում է, սակայն նկատենք, որ դա առավելապես ձեռք է բերվում հանքարդյունաբերության 45 տոկոս աճի հաշվին»:

«Առավոտ»-ին տված հարցազրույցում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասում է. - «Ես համաձայն չեմ այն գնահատականներին, թե կարելի է հեշտությամբ վերադառնալ այն դիրքերին, որոնք կային մինչեւ գործընթացը: Մենք արդեն զգալի հետքայլ ենք արել: Նախ՝ այն պատճառով, որ եթե ապագայում փորձենք սկսել մի նոր գործընթաց, դա շատ ավելի դժվար է լինելու, քանի որ հայկական կողմը արդեն ցույց տվեց թուրքերին եւ աշխարհին, որ պատրաստ է սկզբունքային հարցերում գնալ զիջումների: Ցանկացած հետագա բանակցություն մեկնելու է այս ենթադրությունից: Եվ վերջապես, կարծում եմ՝ իշխանությունները չկարողացան իրենց զիջումները գոնե ճիշտ ձեւով ներկայացնել եւ դրա դիմաց ստանալ գոնե սահմանի բացումը: Երբ ներքաղաքական սպառման համար պնդում են, որ ոչ մի զիջում չեն արել՝ միջազգային հանրությունը, թուրքերը մեկնում են հենց դրանից, որ հայերը ոչ մի զիջում չեն արել, ուրեմն՝ Ղարաբաղի հարցում միգուցե մի բան զիջեն, որ սահմանը բացվի»:

«Հայոց Աշխարհ»-ին Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը ասում է. - «Կարեւորն այն է, թե ինչ է գրված արձանագրություններում։ Իսկ թե Հայաստանի նախագահը կամ որեւէ այլ պաշտոնատար անձ ինչ հայտարարություններով հանդես կգա, ինչ կասի՝ դա հիմք չէ հետագա հարաբերությունների համար։ Ինչ խոսք, բոլորիս համար հաճելի է լսել, որ Հայաստանի նախագահը խոսում է Ցեղասպանության, հայության շահերի, պատմական հիշողության մասին եւ այլն։ Մենք էլ ասում ենք՝ եթե դա է իշխանության դիրքորոշումը, ինչո՞ւ չեք ուզում այդ դիրքորոշումը պաշտպանել, երաշխավորել, երաշխավորված տեսնել արձանագրություններում, որպեսզի վաղը դա հարցականներ չառաջացնի, չշահարկվի, թույլ չտա, որ Ցեղասպանության փաստը դառնա քննարկման առարկա»։

«Հրապարակ»-ը խմբագրականում տեղեկացնում է. - «Երեկ թուրքական լրատվամիջոցները մի ուշագրավ գրություն էին տարածել: Մի խումբ թուրք մտավորականներ «Այս ցավը մեր ցավն է, այս սուգը՝ բոլորինս» վերնագրով հայտարարություն են տարածել՝ ապրիլի 24-ին ընդառաջ, որտեղ կոչ են արել բոլորին 24-ին, ժամը 19-ին մոմերով ու ծաղիկներով հավաքվել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում եւ հարգանքի տուրք մատուցել հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Եթե մեզ մի քանի ամիս, առավել եւս տարի առաջ ասեին, որ նման բան է կատարվելու, մենք խիստ թերահավատորեն կվերաբերվեինք: Այսօր սա իրողություն է: Կնշանակի՝ Հայոց ցեղասպանության ընդունումը թուրքական պետության եւ ժողովրդի կողմից եւս յոթը սարի հետեւում չէ»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանի ամերիկյան հանդիպումներից հետո Հայաստանում սկսեցին կարծիքներ շրջանառվել առ այն, թե Սարգսյանը Ամերիկայում ստացել է դրսի աջակցությունը, եւ որ հիմա ընդդիմության վիճակը բարդ է: Այս կարծիքների ու տեսակետների տրամաբանությունը այն էր, թե ընդդիմությունը իր հույսը դրել էր այն բանի վրա, որ Սարգսյանը պետք է ձախողի արտաքին քաղաքականության հարցում, եւ հիմա, քանի որ Սարգսյանը ձախողվելու փոխարեն ստացել է «դաբրո», ապա իշխանության հեռանկարն ավելի ու ավելի մշուշոտ է դառնում: Հենց այս համատեքստում էլ արդեն սկսել է շրջանառվել երկրորդ տեսակետը. բա ի՞նչ է անելու ընդդիմությունը, ո՞րն է ընդդիմության պլան B-ն, արդյո՞ք ընդդիմությունը իր ուշադրությունը կենտրոնացնելու է ներքին ռեսուրսի վրա, թե «ստավկան» այլ ուղղությամբ է արվելու եւ այլն, եւ այլն, եւ այսպես շարունակ»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «2008-ի մարտին Հայաստանում ոչ թե կանխվել է «կիրգիզական սցենարը», այլ ճիշտ հակառակը՝ գրեթե նույնությամբ տեղի է ունեցալ այն, ինչ երկու տարի անց պետք է տեղի ունենար Կիրգիզիայում: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում 2008-ի մարտի 1-ին: Տեղի են ունեցել զանգվածային բախումներ, եւ հանցագործները հաղթել են: Դրան հաջորդած երկու տարիների ընթացքում «մանրից» տեղի է ունեցել այն, ինչ այսօր է տեղի ունենում Կիրգիզիայում, բայց՝ շատ ավելի արագացված տեմպերով: Կատարյալ անարխիա, քրեական «ռազբորկաներ», անպատիժ սպանություններ, հրապարակային հաշվեհարդարներ եւ սեփականության ինքնաբուխ վերաբաշխում: Կիրգիզիայում զինված բանդիտները հարձակվում են պետական պաշտոնյաների վրա, տեղում «սամասուդ անում» եւ խլում նրանց ունեցվածքը: Հայաստանում զինված բանդիտները հարձակվում էին ընդդիմության լիդերների վրա, տեղում «սամասուդ անում», հետո կալանավորում, եւ ումից հնարավոր էր՝ խլում ունեցվածքը (Խաչատուր Սուքիասյանի կամ Հակոբ Հակոբյանի դեպքերը հիշեք)»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG