Մատչելիության հղումներ

Ապրիլի 15-ի մամուլ


«Հայք»-ը իր խմբագրականում գրում է. - «Հայաստանում այնպիսի անհեթեթ իրավիճակ է, որից դուրս գալու համար հսկայական ջանքեր կպահանջվեն: Առավել մտահոգիչն այն է, որ հասարակությունը հուսալքված է, շատերն անտարբեր են դարձել եւ բռնել են գաղթի ճանապարհը կամ մտածում են այդ մասին: Իսկ նման իրավիճակում իրենց բավական լավ են զգում նրանք, ովքեր պատեհապաշտ են եւ թքած ունեն հայրենիքի եւ հայ ժողովրդի վրա: Իհարկե, նրանք հրապարակներում կարող են անգամ արտասվել, ցույց տալու համար, թե իրենց որքան է խոցում առկա իրավիճակը, բայց դա նրանց չի խանգարում վերցնել իրենց նետված կեղտոտ ոսկորը, կներեք, ինչ-որ արհեստածին պաշտոն կամ պաշտոն, որը ոչինչ չի որոշում: Բավական է պատեհապաշտ մեկին հանձնես ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը, եւ նա կդադարի ընդդիմադիր լինելուց, ոչինչ, որ նա որեւէ հարցով չի զբաղվելու եւ լավագույն դեպքում կարող է երազել այլմոլորակայինների հետ կապերի մասին, մեկ ուրիշին կարելի է նվիրել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ նա կմոռանա, որ իրեն ուզում էին սպանել նրանք, ովքեր այդ պաշտոնն իրեն նվիրել են: Նա կմոռանա նաեւ, որ իրեն լրտես են անվանել: Մեկ ուրիշին էլ կարող են հանդարտեցնել, նվիրելով Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնը: Եվ քանի դեռ Հայաստանում նման մարդիկ նույնիսկ այս կարգի պաշտոններ են ստանում, ուրեմն հասարակության բարոյալքումը հասնում է ահագնացող չափսերի»:

«Գոլոս Արմենիի»-ին անդրադարձել է հայ միջին քաղաքական գործչի բարոյական հրամայականին: «Քոչարյանը խոսեց, ինչպես խոսում են ամեն օր տասնյակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Որտեղի՞ց է այս իրարանցումն ու խուճապային սարսափը: Առանձնապես ջանադիր պատգամավորները շտապեցին գործող նախագահի առաջ ծառայելու, թե մենք քեզ հետ ենք, ու այդ իսկ պատճառով բոլոր մեղքերը կգցենք նախորդի վրա: Եթե որեւէ մեկն այդկերպ հույս ունի գալիք խորհրդարանական ընտրություններին իշխանական կուսակցության ցուցակում անցողիկ տեղ ստանալ, ապա կարող եմ սարսափելի գաղտնիք բացահայտել՝ ներկա նախագահը, ինչպեսեւ բոլոր մարդիկ, նույնպես փսխելու ռեֆլեքս ունի: Ընդհանրապես, ժամանակ առ ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ, ավելի կարեւոր գործ չունենալով, միջին օղակի գործիչները շատ ազատ ժամանակ ունենալու պատճառով ցանկանում են որեւէ մեկից վախենալ: Այսօր նրանք վախենում են, որ երկրորդ նախագահը կվերադառնա իրական քաղաքականություն, թեեւ ակնհայտ է, որ նախագահը դա պաշտոն է իսկ քաղաքական գործիչը՝ մասնագիտություն, եւ երկրորդ նախագահը «քաղաքական գործիչ» մասնագիտությունից ոչ մի տեղ էլ չի հեռացել», - գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ը գրում է լրագրողական խնդիրներից. - «Ընդամենը մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը մեծագույն զարմանք ու տարակուսանք էր արտահայտում այն առիթով, որ, ինչպես ինքն էր նշում, որոշ հայաստանյան թերթեր ուղղակիորեն թարգմանում եւ տարածում էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները: Նման քննադատություն իշխանամետ շատ թերթեր նույնպես հնչեցնում են՝ ժամանակ առ ժամանակ ոչ իշխանական մամուլին մեղադրելով այն բանում, որ նրանք ավելի շատ օգտվում են ադրբեջանական եւ թուրքական, քան հայկական աղբյուրներից»: Ապրիլի 13-ին «Հայկական ժամանակ»-ի լրագրողը զանգահարել է Միացյալ Նահանգներ, կապ է հաստատել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հետ եւ «նրան տվել է շատ սովորական, այսինքն՝ ոչ ընդդիմադիր մի հարց. ինչպե՞ս է անցել Սերժ Սարգսյանի եւ Ռեջեփ Քայիփ Էրդողանի վաշինգտոնյան հանդիպումը»: «Այս հարցին հայկական թիվ մեկ պաշտոնական աղբյուրի պատասխանը շատ կարճ էր եւ կոնկրետ: «Չեմ կարող հրապարակել», - ասել էր Արմեն Արզումանյանը», - գրում է թերթը՝ եզրափակելով. - «Բնականաբար, վերջինս որեւէ բան չի ասել նաեւ ոչ պաշտոնապես, որպեսզի լրագրողը հնարավորություն ունենա «լավատեղյակ աղբյուրներին» հղում անելով ինչ-որ բան հաղորդի իր ընթերցողներին: Իսկ այդ նույն ժամանակ թուրքական մամուլն ու հեռուստատեսությունը պայթում էր ընդամենը մեկ ժամ առաջ ավարտված հանդիպման մանրամասներից»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրուցել է «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նա ասում է. - «2008 թվականին, երբ սկսվում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, կարծում էինք, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը «սպրինտ» է՝ արագ գործընթաց, որի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել հայ-թուրքական հարյուրամյա թնջուկը, մեղմել երկկողմ հարաբերությունների հարյուրամյա կնճիռները։ Հիմա արդեն շատերն են հասկանում՝ սա ոչ թե «սպրինտ» է, այլ մարաթոն, երկար «դիստանցիա», որ երկու երկրները պետք է անցնեն։ Իսկ դրա համար պետք է ջանքեր գործադրել, հարկ եղած դեպքում փոխհամաձայնեցված քայլեր անել, որպեսզի այս հարաբերություններն, այնուամենայնիվ, հաստատվեն»։

«Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը այդ երկու պետությունների գործն է: Որեւէ մեկը չպետք է միջամտի այդ գործընթացին», - Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունն է մեջբերում «168 ժամ»-ը՝ շարունակելով. - «Նա ասել է նաեւ, թե միջազգային հանրության՝ հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ «Հայաստանին հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տալ»: Մինչդեռ ադրբեջանական իշխանությունները՝ Ալիեւի գլխավորությամբ, անցած ավելի քան 1,5 տարիներին գրեթե ամեն օր հայտարարում էին, որ եղբայրական Թուրքիան չպետք է Հայաստանի հետ սահմանը բացի՝ մինչեւ առաջընթաց չարձանագրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: Իսկ առաջընթաց ասելով՝ նրանք առաջին հերթին նկատի ունեն հայկական զորքերի դուրսբերումը ազատագրված տարածքներից: Եվ ահա Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ԱՄՆ-ի նախագան Բարաք Օբամայի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումներից հետո (երբ հայտնի է դառնում նաեւ, որ ԱՄՆ-ի վարչակազմը Ադրբեջանի նախագահին հրավիրել է Վաշինգտոն), Ալիեւը «հանկարծ» հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը երկու պետությունների գործն է»:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը «Առավոտ»-ում մեկնաբանում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե «ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետեւ մենք անցնում են չտրորված արահետով»: «Այդպես չի լինում», - ասում է Հովհաննիսյանը: - «Մենք նոր հեծանիվ չէ, որ պիտի հայտնագործենք: Չտրորված ճանապարհ չկա: Հայ-թուրքական հարաբերությունները պատմության մեջ նորություն չեն: Մենք այդ արահետով երկար ճանապարհ ենք անցել արդեն վաղուց: Ցեղասպանությունից հետո 95 տարի այդ ճանապարհը չե՞նք տրորել, 22 տարի է՝ Ղարաբաղի ճանապարհը չի՞ տրորվել, 17 տարի է՝ բանակցություններ են ընթանում, մնացե՞լ է մի արահետ, որ տրորված չլինի: Չկա այդպիսի բան: Ինչ վերաբերում է շեշտադրումների խստացմանը, ապա համաձայն չեմ, թե այդպիսիք կան: Հայաստանի իշխանությունների կոշտ դիրքորոշումը ավելի շատ ներքին օգտագործման համար էր: Դա միջազգային հանրության համար չէր, եւ, կարծում եմ, բացարձակապես զրո արդյունք ու ազդեցություն ունեցավ միջազգային հանրության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG