Մատչելիության հղումներ

Կայացավ Սերժ Սարգսյանի հանդիպումը Բարաք Օբամայի հետ


Սերժ Սարգսյանի եւ Բարաք Օբամայի հանդիպումը
Սերժ Սարգսյանի եւ Բարաք Օբամայի հանդիպումը

Երկուշաբթի ուշ երեկոյան կայացել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը, որը տեւել է մոտ 45 րոպե։ Վաշինգտոնի Համաժողովների պալատում անցկացված բանակցությունների ավարտին երկու նախագահները որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել:

Հանդիպումից մի քանի ժամ անց Սպիտակ տան մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ հաղորդեց բանակցությունների մասին` նշելով, որ «նախագահ Օբաման բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի համարձակ քայլերը` ուղղված հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը», եւ կոչ է արել Սերժ Սարգսյանին կատարել երկկողմ հարաբերությունների բարելավման իր խոստումը, ինչը, Միացյալ Նահանգների նախագահի կարծիքով, բխում է հայ ժողովրդի շահերից: «Նախագահ Օբաման նաեւ կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային բոլոր ջանքերը գործադրել կարգավորման պրոցեսում առաջընթաց ապահովելու եւ արձանագրությունների օրենսդրական վավերացմանը հասնելու համար», - նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում: Բացի այդ, Բարաք Օբաման, ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության, «իր աջակցությունն է հայտնել հայկական ժողովրդավարությանը»:

Հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն` երկու նախագահները անդրադարձել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ Lեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի վերաբերյալ: Սարգսյանն ու Օբաման անդրադարձել են նաեւ հայ - ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Հանդիպումից առաջ Սպիտակ տան մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում, լրագրողներին ասել էր. - «Նախագահ Օբաման հույս ունի, որ 2009-ին սկիզբ առած գործընթացի շնորհիվ հնարավոր կլինի բարելավել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, ինչպես նաեւ հաղթահարել կողմերի միջեւ առկա վաղեմի տարաձայնությունները»։

Երկուշաբթի օրը Վաշինգտոն ժամանած հայկական պատվիրակության համար իրադարձություններով հագեցած էր: Վաղ առավոտյան Սերժ Սարգսյանը հանդիպեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքիայի կառավարության ղեկավարի հետ հանդիպումը շարունակվեց մոտ մեկուկես ժամ: Դրա ավարտին որեւէ հայտարարություն չհնչեց, երկու երկրների ղեկավարները չպատասխանեցին լրագրողների հարցերին:

Թուրքական աղբյուրները միայն նշում էին, որ կողմերի քննարկման հիմնական թեման եղել է Ռեջեփ Էրդողանի` անցած շաբաթ Սերժ Սարգսյանին հղած ուղերձը: Zaman-ի տեղեկությամբ` «կողմերը մանրամասնորեն անդրադարձել են այս ուղերձին»: Մեկ այլ թուրքական լրատվամիջոց՝ NTV հեռուստաընկերությունը, թուրքական պատվիրակության անդամներին վկայակոչելով, հաղորդում էր, թե առաջիկայում արձանագրությունների վավերացման գործընթացի վրա իրենց ուշադրությունն են կենտրոնացնելու երկու երկրների արտաքին գործերի նախարարները:

Հայ - թուրքական բանակցությունների ավարտին Սերժ Սարգսյանը ուղեւորվել է Վաշինգտոնի մայր տաճար` ծաղկեպսակ դնելու Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին: Տաճարում էին նաեւ ամերիկահայության ներկայացուցիչները, որոնց դիմելով` Սերժ Սարգսյանն ասել է. - «Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա»:

«Մենք չենք պատրաստվում որեւէ ձեւաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձեւացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որեւէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում», - նշել է Սարգսյանը` հավելելով. - «Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետեւ մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է բռնելու այս քննությունը»։

Հենց այն պահին, երբ հնչում էր նախագահ Սարգսյանի այս ելույթը, Վաշինգտոնի George Mason համալսարանում Իսլամական հետազոտությունների կենտրոնի բացման արարողությանը ելույթ էր ունենում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչող խորհրդարանական վերջին բանաձեւերին, Էրդողանն ասել է. - «Պատմությունը խորհրդարաններում չի գրվում, այն չի կարող դառնալ խորհրդարանների դատապարտման առարկա: Մենք բացեցինք մեր բոլոր արխիվները, հանդես եկանք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկով, սակայն ոչ մի պատասխան այդպես էլ չստացանք: Խորհրդարանների կողմից կայացված որոշումները Հայաստանին օգուտ չեն բերի»։

Երեքշաբթի օրը Վաշինգտոնում կկայանա Թուրքիայի կառավարության ղեկավարի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Վաշինգտոնյան աղբյուրները չեն բացառում, որ հանդիպման ավարտին կողմերը կարող են հայտարարություններով հանդես գալ:

Ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ նույն օրը Վաշինգտոնում կարող է կայանալ նախագահներ Օբամայի եւ Սարգսյանի ու վարչապետ Էրդողանի եռակողմ հանդիպումը` նվիրված հայ - թուրքական արձանագրությունների վավերացման հեռանկարներին: Միացյալ Նահանգների Անվտանգության խորհրդի քարտուղար Մայք Համերը, սակայն, լրագրողներին հայտնել է, որ եռակողմ հանդիպում նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG