Մատչելիության հղումներ

«Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ»


«Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ», - վարչապետ Ռեջեփ Էրդողանի հատուկ բանագնացի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Ուրբաթ օրը Թուրքիան Բաքու էր գործուղել փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով Ադրբեջանի իշխանություններին փոխանցել էր վարչապետ Էրդողանի նամակը, ինչպես նաեւ այն տպավորությունները, որ ստացել էր ավելի վաղ Երեւան կատարած այցի ժամանակ։

«Թուրքական կողմը հաստատեց, որ քայլեր կձեռնարկի Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ, եւ կաշխատի, որպեսզի վաշինգտոնյան հանդիպումների արդյունքում ընդունվի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը եւ հնարավորություն ստեղծվի առավել համապարփակ համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակելու համար», - ըստ ադրբեջանական աղբյուրների, ուրբաթ երեկոյան Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ըստ թուրքական հանրային հեռուստաընկերության, Թուրքիայի բանագնացի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը, այլեւ այն հանգամանքը, որ Վաշինգտոնում հաջորդ շաբաթ նախատեսված համաժողովում պաշտոնական Բաքուն որեւէ կերպ ներկայացված չի լինելու։

Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG