Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահը ավիավթարի զոհ է դարձել


Ապրիլի 10-ին Սմոլենսկ ուղեւորվելիս թանձր մառախուղի պայմաններում աղետի է ենթարկվել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը։ Լեհական PAP գործակալությունը հաղորդում է, որ աղետի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորները՝ լեհական պաշտոնական պատվիրակության անդամները եւ անձնակազմը, զոհվել են։ Այս տեղեկությունը հաստատել է Սմոլենսկի նահանգապետ Սերգեյ Անտուֆեւը։

Ինքնաթիռը ընկել է առավոտյան 10:50-ին, Սմոլենսկի նահանգի Պեչորսկ քաղաքի օդանավակայանում վայրէջքի փորձ կատարելիս։ Ռուսաստանի դատախազության քննչական վարչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ աղետի ենթարկված ինքնաթիռում եղել է 97 մարդ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին եւ նրա կինը։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ալեքսանդր Դիգովիցկին, մինչդեռ, Լեհաստանից հաղորդում է, որ երկրի արտաքին գործերի նախարարության տվյալներով, օդանավում եղել է 88 ուղեւոր, մեկ ուղեւոր ուշացել է թռիչքից: Նրա խոսքով, վթարի արդյունքում ոչ բոլորն են մահացել՝ երեք մարդ վիրավորվել է: Նրանց անունները, սակայն, չեն հայտնվում:


Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին եւ նրա կինը՝ Մարիան, Չիկագոյում: սեպտեմբեր, 2007 թ.
Ապրիլի 10-ին Սմոլենսկում գտնվող «Կատին» հուշահամալիրում պետք է տեղի ունենար ամբողջատիրության զոհերի ամենամյա հիշատակման արարողությունը, որը գլխավորելու էր մասնավոր այցով Ռուսաստան ժամանող Լեխ Կաչինսկին։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրահանգով աղետի հանգամանքները բացահայտելու համար հատուկ կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը ղեկավարելու է վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն անմիջապես մեկնել է դեպքի վայր։

Վթարի փաստով Ռուսաստանի դատախազության քննաչական վարչությունը հարուցել է քրեական գործ: Հետաքննությունը դիտարկում է վթարի մի քանի վարկած՝ անբարենպաստ եղանակային պայմաններ, մարդկային գործոն եւ տեխնիկական անսարքություններ:

Վթարված օդանավը, ի դեպ, արտադրվել է 1990 թվականին: Այն օգտագործել են Լեհաստանի չորս նախագահներ՝ Վոյցեխ Յարուզելսկին, Լեխ Վալենսան, Ալեքսանդր Կվասնեւսկին եւ Լեխ Կաչինսկին: Վերջին նորոգումն օդանավն անցել է անցած տարվա դեկտեմբերին, հաջորդ նորոգումը նախատեսված էր վեց տարի հետո:

Ըստ վերջին տեղեկությունների, վթարի վայրում արդեն հայտնաբերվել են «սեւ արկղերը»:

Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու զոհվելու կապակցությամբ երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի երկրի խորհրդարանի՝ Սեյմի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայում հրավիրել է կառավարության արտակարգ նիստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG