Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում ընդդիմությունը ժամանակավոր կառավարություն է ձեւավորում, փախուստի մատնված նախագահը հրաժարական չի ներկայացնում



Արյունալի բախումներից հետո, որոնց ընթացքում, ըստ վերջին տեղեկությունների, առնվազն 75 մարդ է սպանվել՝ Ղրղըզստանի ընդդիմությունը հայտարարել է, թե վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը, լուծարել է երկրի խորհրդարանը, ձեւավորել է նոր, ժամանակավոր կառավարություն։

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւա, 8-ը ապրիլի, 2010թ.
Ընդդիմադիրների առաջնորդներից նախկին արտգործնախարար Ռոզա Օտունբաեւան ասել է, որ նա հիմա ժամանակավոր կառավարության ղեկավարն է եւ գալիք 6 ամիսների ընթացքում կոորդինացնելու է երկրի կառավարումը։

Այդ ընթացքում մշակվելու է Սահմանադրության նոր նախագիծ ու նախապատրաստվելու է նախագահական ընտրությունների անցկացում` ժողովրդավարական բոլոր նորմերին համապատասխան, ըստ «Ֆրանսպրես» լրատվական գործակալության` հայտարարել է Օտունբաեւան։

«Մենք` որպես ժամանակավոր կառավարություն, միաժամանակ կատարելու ենք երկրի նախագահի, խորհրդարանի ու կառավարության պարտականությունները։ Մենք ստանձնում ենք երկրում իշխանության վերահսկողությունը», - «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությանը ասել է Ռոզա Օտունբաեւան:

Մինչդեռ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, երեկվա բախումներից հետո Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկից փախուստի դիմած նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտարարել է, որ հրաժարական չի ներկայացնում։

«Ես եմ պետության ընտրված ղեկավարը եւ իմ պարտությունը չեմ ճանաչում»,- ասել է Բակիեւը ռադիոկայանի եթերում եւ հավելել, որ Ղրղըզստանում վերջին օրերին տեղի ունեցած արյունալի բռնությունների համար պատասխանատվությունն ընդդիմությունն է կրում։

Իր հերթին ժամանակավոր կառավարության ղեկավարությունը ստանձնած Օտունբաեւան ասել է, որ չորեքշաբթի օրվա բոլոր սպանությունների մեղավորները խստորեն պատժվելու են։ Նա
Ցուցարարները վիրավորին հեռացնում են բախումների վայրից, Բիշքեկ, 7-ը ապրիլի, 2010թ.
հայտարարել է, որ ամբողջ օրը կառավարության շենքի տանիքից դիպուկահարներ էին կրակում, նրանք բոլորը պատասխանատվության են ենթարկվելու, յուրաքանչյուր կոնկրետ գործով հետաքննություն է անցկացվելու։

Օտունբաեւան, որը 2005 թվականի «կակաչների հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Կուրմանբեկ Բակիեւի աջակիցներից էր, հիմա երկրի նախագահին հորդորում է հրաժարական տալ` ասելով, որ Բակիեւի գործունեությունը ավարտված է։

Ըստ հաղորդագրությունների` նա երկրի հարավային Ջալալաբադ քաղաքում է։ Ղրղըզստանում որոշակի հակասություններ կան երկրի հյուսիսային եւ հարավային շրջանների միջեւ՝ պայմանվորված երկու շրջաններում առկա կլաններով, մենթալիտետով, ինչպես նաեւ առկա խնդիրներով։

«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության թղթակիցը Ջալալաբադից հաղորդում է, որ հինգշաբթի օրը տեղի նահանգապետը, դիմելով հավաքված մարդկանց, ասել է, թե Ջալալաբադում հիմնադրվում է Բակիեւի պաշտպանության կոմիտե։

«Ջալալաբաղը ոչ մեկին թույլ չի տա վիրավորել մեր տղային», - հայտարարել է նահանգապետ Կոշբայ Միսիրովը։

Բակիեւը ծագումով երկրի հարավից է:

Ընդդիմության առաջնորդները ասում են, որ իրենք վերահսկում են բանակը, ոստիկանությունը, խորհրդարանը, կառավարությունը, մամուլը, հիվանդանոցները, Բիշքեկի միջազգային օդանավակայանը։

Միջազգային հանրությունը, ներառյալ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Միավորված Ազգերի կազմակերպությունը, հորդորում են բոլոր կողմերին ցուցաբերել հանդարտություն եւ զսպվածություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG