Մատչելիության հղումներ

Գազի գնի բարձրացման դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան


Հայցադիմումր ներկայացվում է վարչական դատարան
Հայցադիմումր ներկայացվում է վարչական դատարան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ, երեքշաբթի օրը ավելի քան 30 հազար էջից բաղկացած հայցադիմում ներկայացվեց վարչական դատարան՝ ապրիլի 1-ից գազի սակագները 37 տոկոսով բարձրացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ ներկայացվող հայցադիմումում ներառված է Հայաստանի տարբեր համայնքների 7200 բնակչի անուն, ազգանուն, անձնական տվյալներ, պահանջը հիմնավորող փաստաթղթեր: Հայցվորները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջում են հարգել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության եւ գազ սպառողների շահերի հավասարակշռման սկզբունքը:

Հայցվորներից տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց. - «Ըստ էության քաղաքացիներ եւ «ՀայՌուսգազարդ» պայմանագրի երկու կողմերում գտնվող սուբյեկտներ են, եւ տվյալ դեպքում մի սուբյեկտը՝ «ՀայՌուսգազարդը», որոշում է գները բարձրացնել, եւ հաշվի չի առնում մենք ինչքանով ենք պատրաստ այդ գինը վճարելու։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է փոխարիներ մեզ՝ որպես սպառողների։ Այդ պարտականությունը պատշաճ չի կատարել, եւ այս առումով մեր շահերը հավասարակշռված չեն, մենք հնարավորություն չունենք մեզ ներկայացնելու»։

Հայցվորներին անհասկանալի է այն, որ գազի գինը բնակչության համար բարձրացել է 37.5, իսկ խոշոր սպառողների համար` 13 տոկոսով: «Անընդունելի է բնակչության համար գազի մանրածախ գնի սահմանումը 40%-ով ավելի բարձր, քան խոշոր սպառողներին մատակարարվող գազի գինը», - նշված է դիմումում:

«Փաստն այն է, որ այս բարձրացումների նախաձեռնողն իրականում Հայաստանի կառավարությունն է, քանի որ նա «ՀայՌուսգազարդի» բաժնետերերից մեկն է», - ասված է հայցադիմումի մեջ:

Մինչ հայցադիմումը վարչական դատարան տանելը հազարավոր էջերից բաղկացած փաստաթղթերի մեկական օրինակներ հանձնեցին պատասխանող կողմին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշմամբ բնակչությանը մատակարարվող 1 խորանարդ մետր գազի սակագինը սահմանվել է 132 դրամ` նախկին 96-ի փոխարեն, իսկ խոշոր սպառողները 1000 խորանարդ մետրի դիմաց կվճարեն 243 դոլար՝ 215-ի փոխարեն։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն սակագնի բարձրացումը հիմնավորում է այն փաստով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից կբարձրանա՝ հասնելով 180 դոլարի։

Գազի սակագնի դեմ հայցադիմումը հասավ դատարան
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG