Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների հարազատները դիմել են դատարան


Մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով զոհվածների հարազատները դիմել են դատարան՝ քննչական մարմինների անգործությունը վերացնելու պահանջով: Նրանց շահերի պաշտպաններ Արտակ Զեյնալյանից եւ Վահե Գրիգորյանից տեղեկացանք, որ բողոքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան են ուղարկել ապրիլի 3-ին։

«Բողոքում ենք Հատուկ քննչական ծառայության անգործության դեմ, բողոքարկում ենք զոհերի սպանության հանգամանքների արդյունավետ քննության բացակայությունը: Պահանջում ենք, որպեսզի պարտավորեցնի վերացնել անգործությունը եվ ճանաչի իրավունքի խախտման փաստերը», - նշեց Արտակ Զեյնալյանը:

Դեռ ամիսներ առաջ Արտակ Զեյնալյանը Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) անգործությունը վերացնելու դիմում-բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն դատախազությունը մերժեց դիմումը` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Զեյնալյանի պնդմամբ, մերժման մանրամասն հիմնավորումները այդպես էլ դատախազությունից չեն ստացել, ուստի դատարանում վիճարկում են նաեւ այս կառույցի անգործությունը: Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ այս մարմինները նախաքննության ընթացքում չեն դրսեւորել բավարար ջանասիրություն, ինչի հետեւանքով առայսօր որեւէ անձ պատասխանատվության չի ենթարկվել։

«Բացի այդ, այդ անգործությունը հանգեցրել է մի վիճակի, որ որեւէ դատական ատյանի կողմից առ այս պահը հստակ հաստատված չէ, որ 9 զոհերից յուրաքանչյուրի կյանքի իրավունքը խախտվել է հենց պետության կողմից, ինչը պիտի հիմք լիներ խախտման զոհերին համապատասխան փոխհատուցում տրամադրելու համար: Հիմա այս մարդկանց կյանքի իրավունքի խախտման համար ո՞վ է պատասխան տալու: Պատասխան տալու երկու իմաստով՝ քրեական պատասխանատվության եւ գույքային պատասխանատվության: Այսինքն, պետությունը 25 ամսից ավելի այդ հարցերը առկախ է պահել», - նշեց Վահե Գրիգորյանը։

Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, չի համարում, որ 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտման հարցում ցուցաբերում է անգործություն: «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՔԾ-ը գրավոր պատասխանել է. - «10 անձանց մահվան հանգամանքները բացահայտելու հիմնական խոչընդոտներից է դեպքերին ականատես վկաների բացակայությունը, ավելի ստույգ` այդ առնչությամբ ճշմարտացի ցուցմունքներ տալու ցանկության բացակայությունը»:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը իր պատասխանում նաեւ հայտարարել է, որ պատրաստ է ընդունել եւ լսել բոլոր այն անձանց, ովքեր կարող են տեղեկատվություն հայտնել մահվան հանգամանքների, ինչպես նաեւ գործի համար նշանակություն ունեցող այլ փաստերի վերաբերյալ: «Անհրաժեշտության դեպքում վկաների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող են կիրառվել պաշտպանության միջոցներ, ապահովվել անձնական տվյալների գաղտնիությունը», - նշված է ՀՔԾ-ի գրավոր պարզաբանման մեջ:

«Հանրությունը ո՞նց աջակցի, մեկը գնա մի ճիշտ բան ասի` երկրորդ օրը կամ աշխատանքից կհեռացնեն (լավագույն դեպքում), կամ կհայտնվի անազատության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը. - «Իմ տղան որ զոհվել է, գուցե կողքին մարդիկ եղել են, բայց ես չեմ նեղանում, որ նրանք չեն գնում այսօր ասեն էն, ինչ տեսել են, որովհետեւ պարզ է թե ինչ կկատարվի… կամ կձերբակալեն, կամ այնպիսի պայմանների առաջ կկանգնացնեն, որ նրանք ուղղակի կգնան կհրաժարվեն իրենց ցուցմունքներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG