Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Աշխարհը պետք է արձագանքի»


Ստորեվ ներկայացնում ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը գերմանական Der Spiegel պարբերականին։


Der Spiegel. «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Der Spiegel-ի հետ զրույցում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության մասին ասաց, որ «հայերի դեմ Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող: Ինչու՞ Ձեր հարեւանը չի համակերպվում իր անցյալի հետ»:


Սերժ Սարգսյան. «Էրդողանը վերջերս հայտարարել է, թե մահմեդականները բոլորովին ընդունակ չեն նման վայրագ հանցագործություն կատարելու: Թուրքական պատմությունն «արեւի պես ջինջե է: Թուրքերը դեմ են հանդես գալիս, որ կոտորածը Ցեղասպանություն որակվի: Սակայն որքան էլ մեծ լինի թուրքական դիմադրությունը դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի: Հիմա Էրդողանը նույնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերի վտարմամբ: Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ Ցեղասպանության հիշողություններ են արթնացնում: Ցավոք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման հայտարարություններն ինձ համար անակնկալ չեն»:

Der Spiegel. «Ի՞նչ դիրքորոշում պիտի ցուցաբերի միջազգային հանրությունը»:

Սերժ Սարգսյան. «Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: Ամերիկան, Եվրոպան, նաեւ Գերմանիան, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են հայ թուրքական մերձեցման այս գործընթացում, պետք է հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտեն: Եթե բոլոր պետությունները Ցեղասպանությունն արդեն ճանաչած լինեին, թուրքերն այդպես չէին արտահայտվի: Հուսադրող է, որ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի»:

Der Spiegel. «Թուրքիան Ձեզ մեղադրում է գործընթացը խոչընդոտելու մեջ. թե դուք իբրեւ թե խոչընդոտում եք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը: Ինչու՞ եք դեմ այդ գաղափարին»:

Սերժ Սարգսյան. «Ինչպես կարող է նման հանձնաժողովն անաչառ աշխատել, եթե ցեղասպանություն ձեւակերպումը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում եւ դատապարտում են: Անկարայի համար կարեւորը միայն որոշումները ձգձգելն է: Ամեն անգամ երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները փորձեն Ցեղասպանության մասին բանաձեւեր ընդունել, ասեն` նախ սպասեք պատմաբանների հանձնաժողովի արդյունքներին: Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այն դեպքում իմաստ կունենար, եթե Թուրքիան վերջապես իր մեղքը խոստովաներ: Դրանից հետո գիտնականները համատեղ կարող էին հիմնավորել այն պատճառները, որոնք հանգեցրին այդ ողբերգությանը»:

Der Spiegel. «Ցեղասպանությունից անցել է արդեն 95 տարի, ինչո՞ւ է դրա ճանաչումը Հայաստանի համար դեռ այսքան կարեւոր»:

Սերժ Սարգսյան. «Սա պատմական արդարության եւ մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհն այն հստակ դատապարտելն է»:

Der Spiegel. «Ձեր նստավայրի պատուհաններից երեւում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը: Այսօր նա սահմանի այն կողմում է` անհասանելի: Դուք այն հե՞տ եք ուզում»:

Սերժ Սարգսյան. «Այս լեռը մեզնից ոչ ոք չի կարող խլել. Արարատը մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կգտնեք Արարատ լեռան նկարը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Արարատը կլինի մեր երկու ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ սակայն հետեւյալը. երբեք Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց»:

Der Spiegel. «Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են: Ավելի կարեւոր չէ՞ր լինի Թուրքիայի հետ Ցեղասպանության շուրջ անվերջ վիճելու փոխարեն վերջ դնել մեկուսացմանը»:

Սերժ Սարգսյան. «Մենք սահմանների բացումը չենք կապում Ցեղասպանության ճանաչման հետ: Եւ մեր մեղքը չէ, որ մերձեցումը խաթարվում է: Թուրքիան ցանկանում է սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման հետ: Հայաստանը պատերազմել է այս տարածքի համար, որի նկատմամբ մահմեդական Ադրբեջանը հավակնություն ունի, եւ որը սակայն մեծամասնությամբ բնակեցված է քրիստոնյա հայերով: Թուրքերը մշտապես մեր կողմից զիջումներ են ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարեւորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Ցավոք թվում է, թե Ադրբեջանը ցանկանում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծել: Սակայն դա կհանգեցնի տարածաշրջանից հայկական բնակչության արտաքսմանը»:

Der Spiegel. «Ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում»:

Սերժ Սարգսյան. «Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն, ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի եւ Թուրքիայի պես պաշտպան ունի ՆԱՏՕ-ում: Մենք դա արդարացի չենք համարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG