Մատչելիության հղումներ

Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում խաչքար կտեղադրվի


Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակը
Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակը

Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը մեկ տարվա բանակցություններից հետո ի վերջո թույլատրել է «Արմենիա» հրապարակում տեղադրել Հայաստանից բերված մի խաչքար:

Իշխանությունները սկզբում մերժում էին` պատճառաբանելով, որ հրապարակը արդեն ունի իր հուշարձանը, համալիրը ամբողջական է, եւ մեկ այլ կառույց կարող է խաթարել հրապարակի ճարտարապետական տեսքը: Սակայն, ինչպես հայտնի դարձավ «Ազատություն» ռադիոկայանին, Ուրուգվայի զբոսաշրջության փոխնախարար Լիլիան Քեշիշյանը որոշիչ գործողություններ է ձեռնարկել` համոզելու իր կուսակիցներին, եւ մի շարք հանդիպումներից հետո ձեռք է բերվել խաչքարը տեղադրելու արտոնություն:

Քաղաքապետարանի որոշման մեջ ասված է, որ խաչքարը «հայության մի խորհրդանիշ է»:

Խաչքարի հեղինակն է հայաստանցի վարպետ Ռուբեն Նալբանդյանը: Տեղադրման պատասխանատուն` ճարտարապետ Հովհաննես Ազատյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե շատ բարդ ու մանրակրկիտ ծրագիր է մշակել, որպեսզի խաչքարը հրապարակում չմրցակցի մյուս հուշարձանների հետ:

Խաչքարի բացումը տեղի է ունենալու ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հանդիսության ժամանակ: Այս գործը ձեռնարկում են Ուրուգվայում գործող Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը, Հայ ազգային կենտրոնը եւ «Արմենիա» հրապարակի ազգային հանձնախումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG