Մատչելիության հղումներ

Ապրիլի 3-ի մամուլ


Եվ Հայաստանի «Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Այժմ ակնհայտ է, որ արտաքին դաշտում «բախտ» որոնելու իշխանական քաղաքականությունը մոտենում է վերջնագծին՝ գուցե այն պարզ տրամաբանությամբ, որ աշխարհը կլոր է, եւ որտեղից դուրս գաս, ի վերջո այնտեղ էլ վերադառնալու ես: Եվ իշխանությունը վերադառնում է այնտեղ, որտեղից դուրս է եկել, այսինքն՝ ներս: Ակնհայտ է, որ քանի դեռ ներսում առկա է մի այնպիսի իրավիճակ, որը հիմնված է զուտ միջանձնային պայմանավորվածությունների եւ փոխհարաբերությունների, ստվերային եւ ինտրիգային, պալատական քաղաքականության կանոնների, ոչ թե Սահմանադրությամբ եւ օրենքներով նախանշված հասարակական-պետական կարգի վրա, իրավիճակը մշտապես անելանելի է լինելու թե’ ներսում, թե’ դրսում: Ահա թե ինչն է խնդիրը, եւ ահա թե ինչու է իրավիճակից ելք համարվում արտահերթ ընտրությունը: Դրա պահանջը, դրա մասին առաջարկները, որ ներկայացնում է ընդդիմությունը, անշուշտ, մեծ մասով պարունակում են ընդդիմության քաղաքական հաշվարկի տարրեր, բայց զգալի մասով էլ ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունը իրավիճակը շտկելու ամենաօպտիմալ քայլն է, որ կարող է անել իշխանությունը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ակնհայտ է, որ նորմալ ընտրությունների միջոցով Ռոբերտ Քոչարյանը չի կարող նախագահ դառնալ: Հայաստանում նա երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին, երկու անգամն էլ մինչեւ վերջ օգտագործել իշխանական հնարավոր եւ անհնար բոլոր լծակները, եւ նույնիսկ այդքանով հանդերձ երկու անգամն էլ այնքան չնչին ձայներ է ստացել, որ ստիպված են եղել երկրորդ փուլ հայտարարել: Իսկ հիմա. 1. Քոչարյանի գիտի, որ ինքը կարող է իշխանության գալ միայն հեղաշրջման միջոցով, 2. Քոչարյանը գիտի, որ հեղաշրջում հնարավոր է միայն Ղարաբաղի հարցում անընդունելի զիջումների դեպքում, 3. Նա շատ լավ տեղեկացված է բանակցային գործընթացի մանրամասներին, 4. Նա կտրուկ ակտիվանում է եւ մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացնում: Այնպես որ, մեզ մնում է միայն իրար հետ կապել այս չորս փաստերը եւ որոշակի եզրակացության հանգել: Իսկ եզրակացությունը կարող է լինել միայն մեկը. Քոչարյանը գիտի, որ Սերժ Սարգսյանը լրջորեն մտադիր է ստորագրել ղարաբաղյան խայռատակ համաձայնագիրը»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրուցել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ով ասում է. - «Կարծում եմ, պատերազմ սկսելու հիմքեր չկան։ Սխալ է նաեւ Ադրբեջանի ռազմական բյուջեն անվերջ մատնացույց անելը։ Այն ժամանակ էլ, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, եւ ավելի շատ զինվոր ուներ, եւ ավելի լավ էր զինված, եւ իր համար բարենպաստ քաղաքական իրավիճակ էր, բայց պարտվեց։ Հիմա այս առավելությունները Ադրբեջանը չունի։ Մեր բանակն անհամեմատ ամուր, մարտունակ ու կարգապահ է։ Եթե ադրբեջանական բանակում թմրամոլությունը, ոչ կանոնակարգային հարաբերությունները լուրջ խնդիրներ են, ապա մեր բանակում նման երեւույթներ պարզապես չկան։ Այսօր մենք Արցախի ճակատում կորուստներ չունենք։ Այս հանգամանքը շեշտում եմ, քանի որ 98-ին իշխանափոխություն տեղի ունեցավ այն պատճառով, որ կորուստների վտանգ, հավանականություն կա»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթը զրուցել է Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի հետ, ավ ասում է. - «Հրադադարի պայմաններում ապրելը նպաստում է, որ մեր հասարակության նեւորտիզացիան մշտական լինի: Մեր պարագայում սպառնալիքը հստակ է՝ գիտենք, թե մեր պոտենցիալ թշամին ով է: Սակայն չգիտենք, թե երբ է բռնկելու պատերազմը, ինչն էլ երբեմն տագնապներ է առաջացնում: Իսկ հոգեբանական նման վիճակում գտնվող հասարակությանը հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել, ինչն էլ փորձում է անել մեր հակառակորդը: Սակայն, մի բան է հոգեբանական խարդավանքներին տրվելու համար ահաբեկելը, լրիվ այլ բան է պատերազմ հրահրելը: Ուզում եմ հատուկ շեշտել, որ պատերազմները մեր ժամանակներում նման հայտարարություններով չեն սկսվում: Մեր ժամանակներում հանկարծակիության էֆեկտն է կանխորոշում հաղթանակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG