Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց ընդդիմադիր գործչի դիմումը


Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարան

Հայաստանի Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը մասամբ բավարարեց Հայոց համազգային շարժման Լոռու մարզային կառույցի ղեկավար, ներկայումս անազատության մեջ գտնվող Աշոտ Մանուկյանի դիմումը:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Մանուկյանը վիճարկում էր Քրեական դատավարության օրենսգրքի 309 պրիմ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերի սահմանադրականությունը:

Հիշյալ հոդվածը մեղադրող կողմին հնարավորություն է տալիս դատաքննության ընթացքում գործը ետ կանչել, խստացնել կամ մեղմացնել մեղադրանքը:

Սահմանադրական դատարանի որոշման համաձայն` Քրեական դատավարության օրենսգրքի 309 պրիմ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը, իսկ 5-րդ մասի դրույթները հակասում են Սահմանադրությանը եւ պետք է անվավեր ճանաչվեն:

Աշոտ Մանուկյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի պարզաբանմամբ, Սահմանադրությանը հակասող ճանաչված հոդվածով՝ «դատարանի մեղադրական դերը պահպանվել էր, եւ սա հակասահմանադրական, անվավեր ճանաչվեց»։

Սահմանադրությանը չհակասող ճանաչված հոդվածների մասով, Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, արդարացված համարեց դիմող կողմի դժգոհությունը, սակայն օրենքի կիրառման հետ կապված խնդիրների լուծումը ՍԴ-ի իրավասություններից դուրս է, նշեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Քրեական դատավարության օրենսգրքի 309 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով մեղադրող կողմին հնարավորություն է տրվում առաջին ատյանի դատարանում հենց դատաքննության ընթացքում մեղադրանքը խստացնելու կամ մեղմացնելու, նոր մեղադրանք առաջադրելու նպատակով հետաձգել դատաքննությունը` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար:

Արտակ Զեյնալյանի կարծիքով, 309 պրիմ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ «շատ լայն հայեցողությունների հնարավորություն են տալիս, շատ կամայական մեկնաբանությունների տեղիք են տալիս այն ձեւակերպումները, որոնք առկա են այս դրույթներում»։

Աշոտ Մանուկյանի դեպքում հենց այդպես էլ արվել է. նրան սկզբից ավելի մեղմ պատիժ նախատեսող մեղադրանք էր առաջադրվել, առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում մեղադրողը 309 պրիմ հոդվածով ժամանակ խնդրեց` քննություն իրականացնելու, եւ արդյունքում` ավելի խիստ մեղադրանքով Մանուկյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:

Աշոտ Մանուկյանի ներկայացուցիչների վկայությամբ` եթե մեղադրողը, օգտվելով այս հոդվածի ընձեռած հնարավորությունից, «թայմ աութ» չվերցներ` քննիչի սխալը ուղղելու եւ քննություն իրականացնելու նպատակով, Մանուկյանը կարդարացվեր:

«Եթե քննիչը սխալ է թույլ տվել նախաքննության փուլում, եւ այդ սխալով գործը մտել է դատական փուլ, այդ սխալը պետք է մեկնաբանվի ի օգուտ մեղադրյալի», - համոզմունք հայտնեց Մանուկյանի ներկայացուցիչ Արայիկ Ղազարյանը:

Այդուամենայնիվ, Արայիկ Ղազարյանի խոսքով, ՍԴ-ի նոր մեկնաբանությունները նոր ի հայտ եկած հանգամանք են, եւ իրենք այդ հիմքով կարող են դիմել Վճռաբեկ դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG