Ապրիլի 6-ին Հայաստան է ժամանելու Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Էդվարդ Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ ասուլիսը:
Ակնկալվում է, որ չեխ դիվանագետի այցի շրջանակներում կքննարկվեն Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հարցեր:
Արեւելյան գործընկերության ծրագրում, որի մեկնարկը պաշտոնապես տրվել է անցյալ տարվա մայիսին Պրահայում կայացած գագաթնաժողովի ժամանակ, ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը եւ Ադրբեջանը: