Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքացու անձնագրեր է հանձնել սփյուռքահայ բարերարին եւ նրա տիկնոջը


Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) պատվիրակության հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր է հանձնել ՀԲԸՄ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանին եւ նրա տիկնոջը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ հնարավորինս արագ Երեւանի կենտրոնում իր դռները բացի Սփյուռքի առանցքային կառույցներից մեկի` Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակը:

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը, իր հերթին, ասել է, որ ժամանակի ընթացքում Սփյուռքի կազմակերպություններն աստիճանաբար պետք է դառնան հայաստանակենտրոն: «Որտեղ էլ որ մենք լինենք, մեր հիմնական տեղն այստեղ է», - ընդգծել է նա:

Նախագահը եւ ՀԲԸՄ-ի ներկայացուցիչները խոսել են Սփյուռքի ներուժի պահպանման, մայր հայրենիքի ուժեղացման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության խնդիրների մասին:

ՀԲԸՄ-ի անդամներն ասել են, որ Միությունը շարունակելու է իր աջակցությունը եւ զորավիգ է լինելու Հայաստանի նախագահին ու նրա ազգանվեր ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG