Մատչելիության հղումներ

Ոչ պետական բուհերը կզրկվեն անժամկետ հավատարմագրումից


Հայաստանում առաջին անգամ ոչ պետական բուհերի հավատարմագրումը կատարվել է 2001-ին, երբ հավատարմագրվել է 45 բուհ, իսկ վերջինը տեղի է ունեցել 2008-ին, երբ հավատարմագրվել է ընդհամենը 2 բուհ:

Ըստ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի` հավատարմագրման հիմնական նպատակը պետական եւ ոչ պետական բուհերի համար հավասար պայմաններ ստեղծելն է: Ոչ պետական բուհերի ռեկտորների հետ սեմինար–քննարկմանը ներկայացվեցին «Անցումային ժամանակաշրջան» կոչվող, դեռ սաղմնային փուլում գտնվող ազգային ռազմավարական ծրագրի նախնական առաջարկները :

«Վարչապետը հանձնարարել է մոտ մեկ ամսվա ընթացքում պատրաստել այդ ռազմավարության սեւագիր տարբերակը, որ այն քննարկենք լայն շրջանակներում», - նշեց Թոփչյանը:

Առաջարկի համաձայն` մասնագիտական ուսումնական հաստատություններն իրենց համար պետք է ստեղծեն ներքին որակի համակարգ, որն իրենք էլ պետք է վերահսկեն: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»-ն էլ իր հերթին պետք է վերահսկի բուհերին` ստուգելու համար, թե բուհերի ներքին վերահսկումը որքանով է օբյեկտիվ կատարվել:


Ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացի կարեւոր կետերից մեկն էլ, Ռուբեն Թոփչյանի կարծիքով, ուսումնառության նորագույն տեխնոլոգիաների ինտեգրումն է: Նրա խոսքով` առաջիկայում հանրապետությունում կվերապատրաստվեն հավատարմագրման ոլորտի փորձագետներ:

Անժամկետ հավատարմագրումը ժամկետային դարձնելու գաղափարը, ըստ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի, կնվազեցնի կրթական ոլորտում ներդրողների թիվը:

XS
SM
MD
LG