Մատչելիության հղումներ

Մարտի 31-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը հռետորական հարց է տալիս. - «Ի՞նչ է հայ ժողովրդի համար Ղարաբաղյան պատերազմը: Ոմանք ասում են՝ ազգային-ազատագրական պայքար, ուրիշները դա անվանում են պատմական հողերի ազատագրում: Բոլոր այդ բնորոշումների մեջ ճշմարտության հատիկ կա: Բայց ինձ համար դա նախ եւ առաջ ինքնապաշտպանություն է: Եթե ադրբեջանցիները կրկին հարձակվեն Ղարաբաղի վրա, դա նշանակում է՝ նրանք կհարձակվեն ինձ վրա, իմ տան վրա, իմ ընտանիքի վրա: Երբ հրոսակները ներխուժում են ձեր տուն, արդյոք դուք այդ պահին մտածո՞ւմ եք, թե ովքեր են նստած դղյակներում ու պալատներում, որքան են նրանք գողացել եւ ինչպես են իրենց գողացածը վայելում: Շուտով նշվելու է Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակը: Արդյո՞ք մեր պապերը կռվում էին հանուն կոմունիզմի կամ Ստալինի: Ոչ, նրանք պաշտպանում էին հայրենի հողը, նաեւ՝ մեր հանրապետությունում, որովհետեւ պատերազմում պարտվելու դեպքում Հայաստան ընդհանրապես չէր մնա»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը «Արցախ» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Համլետ Հարությունյանին հարցնում է. - «Ինչո՞ւ եք կարծում, որ Ադրբեջանը կնախընտրի պատերազմը, քան բանակցային լուծման որեւէ տարբերակ»։ Հարությունյանը պատասխանում է. - «Եթե նույնիսկ զիջումների գնանք, Ադրբեջանը չի կարող ճանաչել Արցախի անկախությունը։ Ադրբեջանը բանակցում է եւ պատերազմի է նախապատրաստվում։ Բանակցային սեղանի շուրջ Մամեդյարովը հայտարարում է, թե ընդունում են Մադրիդյան սկզբունքները, իսկ մեկ ժամ հետո Ալիեւն իր ժողովրդին հայտնում է, որ ռազմական բյուջեն ավելացրել է, ու Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու է։ Բայց պատերազմը հաճելի զբոսանք չէ։ Այն կարող է նույնիսկ կարճ տեւել, բայց միշտ շատ դաժան հետեւանքներ է ունենում։ Ալիեւը իր դինաստիայի շահերը շատ ավելի բարձր է դասում, քան պետության ու ժողովրդի շահերը»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի մեկնաբանը գրում է. - «Հասարակությանը հետեւողականորեն քարոզվում է, որ մենք այսօր հստակ երկընտրանքի առջեւ ենք կանգնած. կամ ընդունում ենք կարգավորման առաջարկները, եւ այդ դեպքում ոչ մի պատերազմ էլ չի լինում, կամ մերժում ենք առաջարկները, եւ պատերազմը վաղ թե ուշ վերսկսվում է: Թե ինչի համար է դա արվում՝ հասկանալի է. որպեսզի եթե Սերժ Սարգսյանը ի վերջո ստիպված լինի ստորագրել համաձայնագիրը, հասարակությունն առանձնապես չբողոքի: Մինչդեռ պատերազմը այսօր չի վերսկսվում ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցիները լուրջ հույսեր են կապում բանակցային գործընթացի հետ եւ ձգտում են «առանց կրակոցի» ստանալ ամեն ինչ, այլ ընդամենը այն պատճառով, որ այս պահին նրանք դեռ վստահ չեն, որ կհաղթեն այդ պատերազմում»:

«Հրապարակ»-ի թղթակիցը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը հայտարարություն է տարածել, որ Քոչարյանը կապ չունի բանակցային գործընթացից Ղարաբաղը դուրս մղելու փաստի հետ: Դուք է՞լ եք այդ կարծիքին»: Բաբայանը արձագանքում է. - «Ադրբեջանը ի սկզբանե ամեն ինչ անում է, որպեսզի Արցախը չլինի բանակցային կողմ, եւ այստեղ մի շարք հանգամանքներ ի հայտ եկան: Բայց ամենամեծ պատասխանատուն այս գործընթացի մեջ, իհարկե, Ադրբեջանն է, որը մինչեւ հիմա չի ցանկանում, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ: [Ռոբերտ Քոչարյանի մասին] Ես չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետեւ երբ փորձում են անձանց վրա դնել այդ գործընթացը, այստեղ հարց է ծագում. իսկ ԵԱՀԿ-ն որպես կառույց, որի գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է այնպիսի որոշում, որ Արցախը համարվում է ե'ւ հակամարտության, ե'ւ բանակցության կողմ, ո՞նց կարող է մեկ մարդու կամ մեկ անձնավորության պատճառով փոխել իր ձեւաչափը: Սա մի քիչ տարօրինակ է ստացվում, չէ՞»:

Lragir.am-ի մեկնաբանը «Ժառանգության» վերջին նախաձեռնության առթիվ գրում է. - «Կլոր սեղանի «Ժառանգության» հրավերը հիրավի ակտուալ քաղաքական նախաձեռնություն է, որն ինչպես միշտ ճիշտ տեղում եւ ճիշտ պահին հանդես է բերում «Ժառանգություն» կուսակցությունը: Բանը սակայն այն է, որ այդ քաղաքական նախաձեռնությունը թերեւս ակտուալ է միայն «Ժառանգության», բայց ոչ քաղաքական դաշտի, հասարակության կամ պետության համար: Քթիմազություն թող չթվա, բայց կարծես թե Ժառանգությունը մի բան էլ բաց է թողել` Լեռնային Ղարաբաղը: Էլ ինչպես ենք մենք պահանջում, որ աշխարհը Ղարաբաղը վերադարձնի Ադրբեջանի հետ բանակցային սեղանի մոտ, եթե ինքներս ենք մեր բանակցային սեղաններում մոռանում Ղարաբաղի մասին: Չէ որ օրհասական ու ծանր վիճակը, որ արդարացիորեն արձանագրում է «Ժառանգություն»-ը, այն մարտահրավերները, որոնց դիմագրավելու համար արվել է նախաձեռնությունը, առկա են նաեւ Ղարաբաղի պարագայում: Քանի դեռ ուշ չէ, «Ժառանգություն»-ը թերեւս պետք է լրացնի այդ բացն ու մի հրավեր էլ Ղարաբաղ ուղարկի, որովհետեւ հայկական երկու պետականությունների ճակատագիրն այնքան սերտ է շաղկապված, որ անհնար է մեկը քննարկել առանց մյուսի: Համ էլ նախաձեռնությունն ավելի հնչեղ կդառնա եւ կկոչվի միջազգային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG