Մատչելիության հղումներ

Անցյալ տարի ավելի քան 6 հազար հայաստանցի այլ երկրներում ապաստան է հայցել


Անցյալ տարի այլ երկրներում ապաստան է խնդրել 6 հազար 226 հայաստանցի: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսի ներկայացրած զեկույցում, որում ամփոփված է 2009 թվականի ընթացքում ապաստանի խնդրանքով դիմումների վիճակագրությունը։

Զեկույցը ներառում է 38 եվրոպական եւ 6 ոչ եվրոպական երկրներից ստացված տվյալներ։

44 պետություններում ապաստան որոնող հայաստանցիների թիվը 43 տոկոսի աճ է գրանցել։

2009 թվականին այլ երկրներում ապաստան խնդրած հայաստանցիների թիվը երկուեւկես անգամ ավելի է, քան ապաստան հայցող Ադրբեջանի քաղաքացիների թիվը` անցյալ տարի 44 երկրներում 2 հազար 477 ադրբեջանցի է ապաստան խնդրել։

6 հազար 226 հայաստանցիներից 5 հազար 963-ը ապաստանը խնդրել են եվրոպական երկրներում, նրանցից 5 հազար 858-ը` Եվրոպական միության անդամ երկրներում։

Կա վիճակագրություն նաեւ առանձին երկրների կտրվածքով։ 2009-ին Ավստրիայում ապաստան է հայցել 439 հայաստանցի, Բուլղարիայում` 39, Հոլանդիայում` 349, Լեհաստանում` 147, Սլովակիայում` 21, Բելգիայում` 1 099, Բուլղարիայում` 39, Կանադայում` 18, Չեխիայում` 19, Դանիայում` 16, Ֆինլանդիայում 11, Գերմանիայում` 241։

Ֆրանսիայում 2009-ին ապաստանի խնդրանք է ներկայացրել 3 հազար 114 հայաստանցի. դա, ըստ զեկույցի, 50 տոկոսի աճ է կազմել։

Մի շարք երկրներում` Հոլանդիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Բուլղարիայում, Ավստրիայում եւ Ֆրանսիայում, հայաստանցիները ապաստան հայցող այլազգիների առաջին տասնյակում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG