Մատչելիության հղումներ

Կբարձրանան սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները


Թոշակառուները բողոքում են Կառավարության շենքի դիմաց
Թոշակառուները բողոքում են Կառավարության շենքի դիմաց

Գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սոցիալապես առավել խոցելի խմբերին դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այսօր անցկացված արտագնա նիստում Հայաստանի կառավարությունը որոշեց մայիսի 1-ից 15 տոկոսով (3000 դրամով) ավելացնել սոցիալական նպաստները, իսկ նոյեմբերի 1-ից` 11 տոկոսով (2500 դրամով) կենսաթոշակները։

«Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից սա կառաջացնի 6-6,5 միլիարդի չափով լրացուցիչ հատկացումներ, որը մենք կփորձենք իրականացնել այդ թվում նաեւ խնայողությունների հաշվին», - որոշումների նախագծերը ներկայացնելիս ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց. - «Մենք գործ ունենք ոչ միայն գազի գների բարձրացման հետ, այլ ընդհանրապես գնաճի բարձր մակարդակի հետ։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ավելի բարձր գնաճային փուլում, որը պետք է նվազի։ Կենտրոնական բանկի եւ Կառավարության համատեղ միջոցառումների շնորհիվ մենք պետք է կարողանանք զսպել գնաճային ճնշումները»։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշելով, որ Ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա, սկզբում նախատեսված էր սոցիալական նպաստներն ավելացնել 10 տոկոսով՝ վարչապետը շարունակեց. - «Այսօր առավոտյան եղավ նաեւ Հանրապետության նախագահի հետ քննարկում, եւ եղավ նրա հստակ հանձնարարականը, որ անհրաժեշտ է 15 տոկոսով բարձրացնել, որպեսզի խոսքը գնա ոչ միայն մեկ ապրանքատեսակի մասին, այլ ընդհանրապես սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքների գների բարձրացման մասին, որը տարվա կտրվածքով կանխատեսվում է, որ կլինի մոտավորապես 6 տոկոսի շրջանակներում։ Կարծում եմ, որ այս պահի դրությամբ այդ որոշումները կարող են էապես մեղմել նաեւ սոցիալական խնդիրները։ Եվ կարծում եմ, որ այսօրվա մեր կառավարության որոշումները ունեն ոչ միայն սոցիալական, այլ նաեւ քաղաքական բովանդակություն»։

Կառավարության մեկ այլ որոշմամբ, Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին արտահերթ կփոխհատուցվեն խորհրդային տարիներին խնայդրամարկղերում պահ տված ավանդները։

«Ցուցակները, որ մենք ձեզ հետ միասին հաստատել ենք, ներառում էին 62 հազար հոգի, որոնք պետք է ստանային իրենց ավանդները։ Արդեն իսկ այս տարիների ընթացքում 29 հազար հոգի ստացել են իրենց ավանդները։ Այս պահի դրությամբ խոսքը գնում է 3900 Հայրենական պատերազմի վետերեանների մասին, եւ կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք հերթում են գտնվում, նույնպես կհամաձայնեն մեզ հետ, որ անհրաժեշտ է այս նախապատվությունը վետերաններին տալ», - ասաց Տիգրան Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG