Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին


Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյան
Շինարարության վերաբերյալ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, հինգշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Այն, որ իր ժամանակ շինարարությունը դարձել է մեծ շարժիչ ուժ, մենք չենք տեսնում; Այդ շինարարությունը, նույնիսկ լավագույն տարիներին, եղել է ընդամենը 30-40 տոկոս ավել, քան թե ամենածանր, մութ, ցուրտ տարին: Ֆիզիկական ծավալները շինարարության վիճակագրական ավելացել են 8 անգամ, չգիտես ինչու», - ընդգծեց նախկին վարչապետը` մանրամասնելով. - «Այն ժամանակ մենք նույն քառակուսի մետրը կառուցել ենք 50 միլիարդ դրամով, իրենք կառուցել են 820 միլիարդով: Մենք կառուցել ենք սոցիալական բնակարանային ֆոնդ ժողովրդի համար, ինքը կառուցել է իր համար` որ վաճառի: Եվ ինքն էլ թաղվեց այդ բիզնեսի մեջ` արդեն ոչ թե որպես նախագահ, այլ կառուցապատող»:

Ռոբերտ Քոչարյանի օրոք շինարարությունը տեղափոխվեց մայրաքաղաքի կենտրոն, դարձավ առավելապես էլիտար, նշեց Հրանտ Բագրատյանը:

«Իրեն ես կոնկրետ` ոչ թե մենք, մեղադրում եմ այդ մարդուն, եւ ոչ միայն այդ մարդուն` կառավարությանը, նույնիսկ միջազգային ֆինանսական կառույցներին` դուք ո՞նց էիք թույլ տալիս քաղաքի կենտրոնում 3 միլիարդ դոլարի էլիտար շինարարություն, որի պահանջարկը չկար: Այդ 3 միլիարդը սառեցվել է շինարարության մեջ, որը այսօր իրացում չի գտնում, եւ այդ 3 միլիարդը չի ծառայում հանրապետության զարգացմանը», - հայտարարեց նախկին վարչապետը:

Երեքշաբթի օրը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նաեւ համոզմունք էր հայտնել, թե կարելի էր խուսափել շինարարության ոլորտում արձանագրված անկումից, եւ առաջարկել էր հետեւյալ բանաձեւը. - «Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար»:

Հակադարձելով նախկին նախագահի այս հայտարարությանը` նախկին վարչապետը ասաց. - «Իր ինտերվյուից ես տեսնում եմ պրոբլեմը` ինքը վաճառքի պահ ունի, պրոբլեմ ունի, ասում է` կառավարությունը ձեւ կարող էր գտնել, որ պահանջարկը խրախուսեր` առնեին: Ինքը դրանով տառապում է այսօր: Եվ իրոք, կա չծախված 12 հազար բնակարան: Եվ իր այդ շինարարության պատճառով տնտեսական ճգնաժամը 2009-ին եղավ այդպես ահռելի` անպատասխանատու իրականացված, ոչ պիտանի, ոչ պահանջարկին համապատասխանող շինարարության պատճառով»:

«Ես սա հակադարձում եմ որպես տնտեսագետ», - շեշտեց Հրանտ Բագրատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG