Մատչելիության հղումներ

Լոնդոնում գործող Music of Armenia կազմակերպության նպատակը հայկական երաժշտությունը աշխարհին ներկայացնելն է


Դուդուկահար Տիգրան Ալեքսանյանը 9 տարի է` ապրում եւ աշխատում է Լոնդոնում
Դուդուկահար Տիգրան Ալեքսանյանը 9 տարի է` ապրում եւ աշխատում է Լոնդոնում

Լոնդոնում տեղակայված Music of Armenia նորաստեղծ կազմակերպության նպատակը հայ երաժիշտներին օգնելն ու աշխարհին հայկական երաժշտությունը ներկայացնելն է: Կազմակերպությունը կապեր ունի աշխարհի տարբեր ծայրերում աշխատող հայ երաժիշտների հետ:

Music of Armenia-ի ղեկավար Հասմիկ Մովսիսյանը համագործակցում է Սերժ Թանկյանի, Արտո Թունջբոյաջյանի հետ, իսկ կազմակերպության www.musicofarmenia.com կայքում կարելի է գտնել 50-ից ավելի երաժիշտների ու պրոդյուսերների տվյալներ:

«Անգլիան շատ է սիրում յուրահատուկ նոր երաժշտություն, նոր մտքեր, նոր կազմակերպություններ, քանի որ դա բացում է նոր դռներ եւ տալիս է մարդկանց շանսեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կազմակերպության ղեկավարը:

Հասմիկ Մովսիսյանը մասնագիտությամբ երաժշտության մենեջեր է: Նա ասում է, որ հանդիպումներ է ունեցել հայաստանցի երաժիշտների մեծ մասի հետ, ու փաստում է, որ հայաստանյան երաժշտական շուկայում շատերը տեղյակ չեն համաշխարհային զարգացումներին ու չգիտեն` ինչպես ներկայանալ ավելի մեծ շուկային:

«Եթե դուք չգիտեք` որտեղ եք գնում, ինչ եք անում, դուք չգիտեք շուկան, չեք էլ իմանա` ինչ պետք է անեք: Ամբողջ աշխարհով մեկ կան մրցույթներ, էքսպոներ կան, որտեղ դուք կարող եք հանդիպել ամբողջ աշխարհի երաժշտական ասպարեզի ներկայացուցիչներին, կարող եք ելույթ ունենալ, ձեր տաղանդը իրենց ցույց տալ», - նշեց Music of Armenia-ի ղեկավարը:

Ապրիլին կազմակերպությունը հերթական համերգն է իրականացնելու Լոնդոնի հայտնի համերգասրահներից մեկում: «Դուդուկի ձայն» համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Այո, մենք կհիշենք, բայց մենք նաեւ ուրախ ենք լինելու, որ մենք դեռ կանք եւ կարող ենք մեր գեղեցիկ մշակույթը շարունակել: Արվեստի միջոցով մենք հիշում ենք ինչ-որ մի բան եւ նայում ենք դեպի առաջ», - ասաց Հասմիկ Մովիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG