Մատչելիության հղումներ

Փոխզիջումների վերաբերյալ նախագահի հայտարարությունը մեկնաբանում են Դաշնակցությունը եւ Հանրապետականը


Կիրո Մանոյան
Հայ հեղափոխական դաշնակցությունը դեմ է տարածքների վերադարձին` «այդ ձեւով, որ նախագահն է ասում, կամ այդ ձեւով, որ «մադրիդյան սկզբունքներ» կոչվածներում ներկայացվում է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց կուսակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:


Սիրիա պաշտոնական այցի շրջանակներում Al Watan թերթին տված հարցազրույցում պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում հնարավոր փոխզիջումներին վերաբերող հարցին, թե «որո՞նք են այդ զիջումները Հայաստանի պարագայում», Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. - «Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձեւավորվեց անվտանգության գոտի: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:

«Մենք միշտ էլ ասել ենք, որ այդ մոտեցմանը համաձայն չենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կիրո Մանոյանը. - «Թե ինչու անհրաժեշտ է զգացել նախագահը հայտարարել այդ մասին, երբ Ադրբեջանի կողմից դրական ոչ մի հայտարարություն չկա, չգիտեմ, բայց այդ մոտեցմանը համաձայն չենք, որովհետեւ այդ մոտեցումը անտեսում է, որ 88-ից հետո դեպքեր են տեղի ունեցել, թեեւ այդ մոտեցումը նաեւ նստած է այսպես կոչված «մադրիդյան սկզբունքների» հիմքում»:

Դաշնակցության մոտեցումը, ըստ Մանոյանի, այն է, որ «փոխզիջումը պետք է լինի համարժեք, համաչափ եւ միաժամանակ», մինչդեռ «համարժեք չի դա». - «Երբ պատասխանատուն` Ադրբեջանը, ագրեսիայի է դիմել, տանուլ է տվել, հիմա հատուցելու կարիք չկա, պետք է որ ագրեսոր որպես պատժվի»:

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ եւ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի կարծիքով, սակայն, «նախագահը շատ հստակ ասել է, որ հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնա, եւ խնդիրը պետք է
Էդուարդ Շարմազանով
լուծվի փոխզիջումների արդյունքում»:

«Թե' նախագահական ընտրությունների ժամանակ, թե' պառլամենտական ընտրությունների ժամանակ եւ դրանից առաջ Հանրապետական կուսակցությունը տվել է այն երեք սկզբունքները, որտեղ փոխզիջում չի տեսնում` Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, եւ Լեռնային Ղարաբաղը պետք է ընդհանուր կապող միջանցք ունենա Հայաստանի Հանրապետության հետ», - ընդգծեց Հանրապետականի խոսնակը` մանրամասնելով. - «Նախագահը Սիրիայում տված հարցազրույցում շատ հստակ ասաց, որ մեզ համար գլխավորը կարգավիճակի հարցն է, եւ խնդիրը չի կարող լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրացնի իր ինքնորոշման իրավունքը` հանրաքվեով, այսինքն` պետք է կարգավիճակը հստակ որոշվի. դա այն է, ինչ մենք ասել ենք մշտապես: Երկրորդը, Լեռնային Ղարաբաղը` արդեն որպես բանակցությունների կողմ, իր Սահմանադրության համաձայն, իր վերահսկողության տակ գտնվող տարածքները կարող է փոխզիջում դիտվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ունենա անկախ կարգավիճակ. դա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների որոշելիքն է, եւ նախագահը շատ հստակ ասել է նաեւ` որ դեպքում մենք կարող ենք ունենալ փոխզիջում»:

«Իսկ ինչ է, ո՞վ է պատկերացնում, որ առանց փոխզիջումների կարող է լինել խնդրի լուծում», - ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG