Մատչելիության հղումներ

Մարտի 24-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին սիրիական «Ալ Վաթան» թերթին, գրում է. - «Որպեսզի հասկանանք, թե ինչ վտանգներ է պարունակում այս հայտարարությունը, պետք է ուշադրություն դարձնենք հետեւյալ հարցի վրա. Ղարաբաղի շուրջը գտնվող այդ շրջանները ո՞վ է գրավել: Ճիշտ է՝ գրավել է Ղարաբաղի բանակը: Ուրեմն ո՞վ իրավունք ունի վերադարձնել կամ չվերադարձնել այդ տարածքները: Ճիշտ է՝ Ղարաբաղի ժողովուրդը: Բա էլ ի՞նչ իրավունքով է այլ երկրի (Հայաստանի) նախագահը նման խոստումներ տալիս: Կամ գուցե նախապես ստացել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությո՞ւնը: Եթե ստացել է, կխնդրեինք պաշտոնապես հայտարարել այդ մասին: Ցանկալի է՝ ոչ թե արտասահմանյան, այլ տեղական լրատվամիջոցներով»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Հանկարծակի բռնկված ՀՀԿ - «Բարգավաճ Հայաստան» բանավեճը նույնքան արագ եւ անսպասելի դինամիզմով տեղափոխվեց Ռոբերտ Քոչարյանին ավելի մոտ դաշտ, երբ Վարդան Օսկանյանին պատասխանելու առիթով Հանրապետականը արդեն ընդհուպ մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին՝ մատնացույց անելով նրա նախագահության ընթացքում արձանագրված սխալները: Ավելին՝ քիչ է մնում, որ Հանրապետականը արդեն Մարտի 1-ի համար բացահայտ մեղադրի Ռոբերտ Քոչարյանին: Ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը տոտալ գրոհի է անցել Ռոբերտ Քոչարյանի դեմ, թեկուզեւ մեծ մասամբ դա անում է հիմնականում Վարդան Օսկանյանի անունը շոշափելով՝ որպես Ղարաբաղի հարցերում սխալների մեղավոր նախարար: Օր չկա, որ մի քանի ՀՀԿ-ական պատգամավոր հարցազրույցի կամ մամուլի ասուլիսի տեքսով չանդրադառնա Օսկանյանի քննադատությանը եւ ի պատասխան նրան չմեղադրի իր ժամանակ արտաքին քաղաքական սխալների համար: Կարծես թե Հանրապետական կուսակցության համար դա նույնիսկ դարձել է կուսակցական հավատարմության չափորոշիչ, եւ ով մինչեւ աքլորականչ երեք անգամ չուրանա Քոչարյանին, կարող է, ասենք, վտարվել կուսակցությունից: Իսկ որ խոսքը հենց Քոչարյանին ուրանալու մասին է, կասկած չի կարող լինել, որովհետեւ արտաքին քաղաքականության համար ինչքան էլ մեղադրես նախարարին, միեւնույն է, արտաքին քաղաքականության ղեկավարը երկրի նախագահն է, ընդ որում՝ դա նույնիսկ Սահմանադրության համաձայն»:

«Առավոտ»-ին հարցազրույց է տվել Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա ասում է. - «Նայեք հարցի լուծման պատմության ընթացքը՝ ի՞նչ է, երբ չկար հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը հա՞րթ էր: Իհարկե՝ ոչ: Խնդիրն այն է, որ հիմա սկսել են խոսել այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ անձամբ են այդ նույն խնդիրները ղեկավարել եւ փորձել են կարգավորել»: Լրագրողը հարցնում է. - «Դուք նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին եւ Վարդան Օսկանյանի՞ն», ինչին Նիկոյանը պատասխանում է. - «Իհարկե, նկատի ունեմ Վարդան Օսկանյանին: Ընդունեք, որ գոնե այդ հարցում Ռոբերտ Քոչարյանը որեւէ հայտարարություն չի արել: Նկատի ունեմ Վարդան Օսկանյանի անպատասխանատու վերաբերմունքը արտաքին քաղաքական հարցերին: Վարդան Օսկանյանը փորձում է արտաքին հարցերին ներքաղաքական լուծում տալ՝ կոչ անելով իշխանափոխության: Ո՞ւմ նկատի ունի, ես կուզեի իրեն հարցնել՝ ո՞ւմ է ուզում փոխել եւ ի՞նչ խնդիր է ուզում լուծել»:

«Հայք»-ի խմբագիրը գրում է. - «Սերժ Սարգսյանը արդեն եղել է Մոսկվայում եւ Փարիզում: Շուտով կմեկնի Վաշինգտոն, եւ գերտերությունները վերջնականապես կհասկանան, թե մինչու ուր է պատրաստ գնալ Սերժ Սարգսյանը, որն առանձին վերցրեծ, ամենայն հավանականությամբ, բազմաթիվ խոստումներ է տվել եվրոպացիներին, ռուսաստանցիներին եւ ամերիկացիներին: Եվ որքան էլ Հայաստանը թույլ երկիր լինի, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան գիտակցում են, որ ամուր խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որ խաղաղության հաստատմամբ զբաղվեն ժողովրդի վստահության քվեն վայելող իշխանությունները: Եվ նույնիսկ փակ սահմանները պետք է բացեն ժողովրդի քվեն ստացած ուժերը: Այնպես որ, եթե Ղարաբաղի խնդրի կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը դեռ սարերի հետեւում են, ապա արտահերթ ընտրությունների անցկացումը արդեն անհրաժեշտություն է: Եթե մենք ուժ չգտնենք հիմա գնալու այս քայլին, ապա մեզ կպարտադրվեն ավելի տհաճ լուծումներ, քան առաջարկվում է հիմա»:

«Կապիտալ»-ի հետ հարցազրույցում նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանը ասում է. - «Հայաստանն իր բնակչության եւ ՀՆԱ-ով հանդերձ աշխարհի խոշոր ռազմական ծախսեր կատարող պետություններից է։ Մենք համեմատության մեջ ավելի մեծ բանակ ունենք, քան Կանադան կամ Ուկրաինան։ Համեմատության մեջ մենք գերազանցում ենք նույնիսկ Ռուսաստանին եւ Չինաստանին։ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է, մենք չունենք բնական ռեսուրսներ։ Շատ հեշտ է քննադատել, բայց արդյոք եթե մենք [քննադատողները] լինեինք իշխանության, կկարողանայի՞նք ռազմական ծախսերը նվազեցնել եւ ուղղել սոցիալական ոլորտ։ Ո՛չ, քանի որ պետությունը գերխնդիրներ ունի, մեզ անհրաժեշտ է բանակ, քանի որ կա պատերազմի վտանգ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG