Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ռուսաստանյան հեռուստաալիքով խոսել է հայ - թուրքական պատմական հանձնաժողովի մասին


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Մոսկվա կատարած այցի ընթացքում ռուսաստանյան Առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ - թուրքական հարցերի մասին:

Վլադիմիր Պոզների հաղորդման ժամանակ հեռուստադիտողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի ընդունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը, այն դեպքում, երբ ընտրարշավի ժամանակ խոստանում էր ճանաչել ցեղասպանությունը` «նա, կարծես, մոռացել է», պետքարտուղարը արձագանքել է. - «Չեմ կարծում, թե որեւէ մեկը մոռացել է, բայց տեղի է ունեցել շատ կարեւոր մի բան` դա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընթացող աշխատանքն է: Ես Ցյուրիխում էի անցած աշնանը` Թուրքիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների արտգործնախարարների հետ` ներկա լինելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը ուղղված արձանագրությունների ստորագրմանը: Եվ այդ արձանագրություններում կար համաձայնություն երկու երկրների միջեւ` ստեղծել պատմական հանձնաժողով, որը ուսումնասիրի անցյալի բոլոր խնդիրները: Եվ, կարծում եմ, դա է ճիշտ ճանապարհը` որ երկու երկրները եւ ժողովուրդները իրենք կենտրոնանան դրա վրա»:

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք չենք կարող փոխել մեր ժառանգած անցյալը: Մենք կարող ենք միայն փորձել ավելի լավ ապագա ունենալ», - ամփոփել է Քլինթոնը:

Հարցին` արդյոք այժմ գոյություն ունի՞ նշված հանձնաժողովը, պետքարտուղարը պատասխանել է. - «Նրանք աշխատում են` ստեղծելու այն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG