Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. «Եվրախորհրդի կոմիտեի զեկույցը լուրջ զսպաշապիկ է ե'ւ հասարակության, ե'ւ իշխանության համար»


Դավիթ Հարությունյան
Դավիթ Հարությունյան
Եվրախորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը` Հայաստանի կառավարության պատասխանների հետ, հրապարակվել է Հայաստանի արդարադատության եւ արտաքին գործերի նախարարությունների առաջարկությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

2008 թվականի մարտին Հայաստան կատարած հատուկ այցի վերաբերյալ զեկույցում կոմիտեն մտահոգություն էր հայտնել մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով կալանավորվածների խոշտանգումների փաստի կապակցությամբ եւ մարտիմեկյան դեպքերի հրապարակային քննության կոչ էր արել:

Դավիթ Հարությունյանը, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն որակելով Եվրախորհրդի կարեւորագույն կառույցներից մեկը, կարեւոր համարեց նման զեկույցի հրապարակումը:

«Որոշ դեպքերում, երբ տեղի են ունենում որոշակի իրադարձություններ երկրներում, կոմիտեն իրավունք ունի ուղարկելու հրատապ այցելությամբ որեւէ մի խումբ: Մարտի 1-ի իրադարձություններից հետո տեղի է ունեցել նման այցելություն, եւ, բնականաբար, նման կոմիտեի զեկույցները միշտ չէ, որ հաճելի է ընթերցել, որովհետեւ նրանք լինում են շատ քննադատական», - ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով. - «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դրանք շատ կարեւոր են, որպեսզի դրանք հրապարակվեն, որովհետեւ ե’ւ հասարակության, ե’ւ իշխանության համար դա լուրջ զսպաշապիկ է: Այսինքն, պետք է մշակվեն գործողությունների քայլեր` անհապաղ դրանից հետո, որպեսզի դա վերացվի»:

Հարցին` համամի՞տ է արդյոք կոմիտեի հնչեցրած մտահոգություններին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Ես ոչ միայն համամիտ եմ, ես համարում եմ, որ, հավանաբար, մենք ստիպված ենք լինելու օրենսդրական փոփոխությունների միջոցով հասնել դրան, որպեսզի դա լինի նաեւ օրենսդրական պահանջ: Դրա մասին է խոսում նաեւ ԺՀՄԻԳ-ի [ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ] վերջին զեկույցը, եւ [ԵԽԽՎ-ի] Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում անգամ խնդիր դրվեց, որ մենք պետք է ներկայացնենք ժամանակացույցը ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների իրացման: Այդ առաջարկությունների շարքում գտնվում են նաեւ նմանատիպ առաջարկություններ»:

Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների համաչափության, մասնավորապես` տասը անձանց սպանության հանգամանքների վերաբերյալ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հարցադրմանը, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը ասաց. - «Կարծում եմ, որոշ աշխատանք կատարվել է` անկախ զեկույցի հրապարակումից, սակայն հարցադրումները, որոնք ներկայացնում են Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի փորձագետները, ինքնին կարեւոր են, եւ մեկ անգամ եւս կառավարությունը դրան պետք է անպայման անդրադարձ կատարի»:

Ազգային ժողովի փոխնախագահ, Մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, մինչդեռ, համաձայն չէ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցում նշված մի շարք դիտարկումներին: Արձագանքելով դրույթին, որով կոմիտեն կասկածի տակ է առել իշխանությունների կողմից մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության արժանահավատությունը՝ Նիկոյանը կարծիք հայտնեց, թե «իրավական երեւույթների քաղաքական գնահատականներ են տրված»:

«Այդ արտահայտությունները կատարել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ եւ՝ որոշակի նպատակներով». - հավելեց նա:

Անդրադառնալով մարտիմեկյան իրադարձությունների հրապարակային քննության առաջարկին՝ Նիկոյանը նշեց, որ կոնկրետ իրենց հանձնաժողովում քննարկումները եղել են ոչ միայն հրապարակային, այլ՝ «չափազանց հրապարակային»:

Իսկ ձերբակալվածների խոշտանգումների մասին ինչպես Նիկոյանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեցին, որ հանձնաժողովի՝ այդ առնչությամբ ստացած ահազանգերը «համատարած բնույթ չեն կրել», ինչպես ներկայացվում է զեկույցում:

Լուծարված Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը հիմնականում համամիտ է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի եզրահանգումների հետ:

Նրա կարծիքով, այս զեկույցով Եվրախորհրդի կոմիտեն «անվստահություն է հայտնել» գործող համակարգին եւ առաջարկում է «հետաքննող անկախ մարմին» ստեղծել, ինչը հնարավոր է «միջազգային փորձագետների ընդգրկմամբ միայն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG