Մատչելիության հղումներ

Բացվում է բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնը


Armenia - An image for the 8th British film festival in Yerevan, 22Mar2010
Armenia - An image for the 8th British film festival in Yerevan, 22Mar2010

Արդեն 8-րդ տարին է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ, Երեւանում կազմակերպում է բրիտանական ֆիլմերի փառատոն, որի բացման արարողությունը տեղի կունենա երկուշաբթի երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը նշեց, որ այս տարի փառատոնի բացման արարողության ընթացքում շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում:

«Դրանք անակնկալներ են լինելու անգամ մեզ` Բրիտանական խորհրդի Հայաստանի գրասենյակի աշխատակիցներիցս շատերի համար», - շարունակեց Մովսիսյանը` հավելելով, որ փառատոնը կբացվի «Լավագույն հանդերձանքի համար» անվանակարգում ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի արժանացած «Դքսուհին» ֆիլմի ցուցադրությամբ:

Երեքշաբթի օրը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Արյունոտ կիրակի» ֆիլմի բաց ցուցադրությունը, որին ներկա է գտնվելու նաեւ ֆիլմի համապրոդյուսեր Դան Մալանը։ Ցուցադրությունից հետո կկայանա ֆիլմի քննարկումը։

Այս եւ «Երկնային հինգ րոպեներ» ֆիլմերը, կցուցադրվեն նաեւ Վանաձորում ` «Արձագանքներ. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից» ծրագրի շրջանակներում։

Մարիամ Մովսիսյանի խոսքով, վերոհիշյալ ծրագիրը նպատակ ունի ֆիլմերի միջոցով հասարակական քննարկում ծավալել տարբեր հիմնախնդիրների շուրջ (էթնիկ, կրոնական, սեռական եւ այլն), նաեւ կոնկրետ մեր տարածաշրջանում՝ նպաստել միջմշակությային երկխոսությանը կինոարվեստի շնորհիվ։

«Բրիտանական ֆիլմերի փառատոնին մենք փորձում ենք ցուցադրել տարբեր տարիների նկարահանված տարբեր ժանրերի լավագույն ֆիլմերը, որոնք ներկայացնում են Մեծ Բրիտանիան եւ նրա ժողովրդին, նրա կենցաղն ու մշակույթը տարբեր ժամանակաշրջաններում», - ասաց Մարիամ Մովսիսյանը։

Փառատոնին ընդհանուր առմամբ մարտի 22-26-ը կցուցադրվի 6 ֆիլմ` անգլերեն եւ թարգմանաբար` հայերեն կամ ռուսերեն։ Փառատոնից ստացված ողջ հասույթն այս տարի կտրամադրվի Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի տեխնիկական աջակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG