Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում է Սիրիա


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով, մարտի 22-24-ը պաշտոնական այցով այդ երկիր կմեկնի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` պատվիրակության կազմում են արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

Այցի առաջին օրը նախատեսված է երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցը, որին կհետեւի պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ տիկին Ասմա ալ-Ասադի անունից` ի պատիվ Սերժ Սարգսյանի եւ Ռիտա Սարգսյանի, կտրվի պաշտոնական ընթրիք:

Հայաստանի ղեկավարն այցի շրջանակում հանդիպումներ կունենա նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ:

Սերժ Սարգսյանը «Հայ - սիրիական հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում: Նա կհանդիպի նաեւ Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի քաղաքի պատմամշակութային վայրեր:

Դամասկոսի օպերային թատրոնում, Հայաստանի եւ Սիրիայի առաջին տիկնանց բարձր հովանու ներքո, Հայաստանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

Հայաստանի նախագահը կլինի նաեւ Հալեպում եւ Դեր-Զորում, հանդիպումներ կունենա տեղական իշխանությունների ղեկավարների եւ Հալեպի ու Դեր-Զորի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG