Մատչելիության հղումներ

Հայաստանում վերջին մեկ շաբաթում դոլարի փոխարժեքը աճել է ավելի քան 10 դրամով


Հայաստանի ֆոնդային բորսայում` NASDAQ OMX Armenia ընկերությունում հինգշաբթի օրը կայացել է 20 միլիոն 800 հազար դոլարի առք ու վաճառք` 405 դրամ միջին կշռված փոխարժեքով: Այդ մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նախօրեին բորսայում վաճառվել էր նշված գումարի մոտ մեկ երրորդը` 7 միլիոն 925 հազար դոլար` 402.84 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Վերջին մեկ շաբաթում դոլարի փոխարժեքը Հայաստանում աճել է ավելի քան 10 դրամով կամ 2,4 տոկոսով, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում՝ 5,7 տոկոսով:

Արտարժույթի փոխանակման երեւանյան կետերը հինգշաբթի օրը 1 դոլարը գնում են 402-403, վաճառում` 407-408 դրամով, թեեւ առավոտյան բանկերը սահմանել էին վաճառքի ավելի բարձր գներ` 410-415 դրամ:

Փոխանակման կետերի աշխատակիցները «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ կապված վերջին օրերին դրամի արժեզրկման հետ` իրենք առանձնապես աժիոտաժ չեն նկատում, թե բնակչությունը գնում է փոխանակման կետեր` դրամը դոլարով կամ եվրոյով փոխանակելու համար:

«Ես չէի ասի, որ առանձնապես աժիոտաժ կա: Գալիս են, հարցնում են, ունենում ենք, վաճառում ենք, բայց շատ աժիոտաժ չկա, որովհետեւ բանկերն էլ են վաճառում, եւ աժիոտաժը շատ չէ` անցած տարվա համեմատ [2009 թվականի մարտի 3-ին դոլարի փոխարժեքը միանգամից բարձրացավ մոտ 30 տոկոսով]: Անցած տարի ավելի շատ էր աժիոտաժը», - ասաց նրանցից մեկը` վստահեցնելով, որ եթե լինում են վաճառքի սահմանափակումներ, ապա դրանք կապված են տվյալ պահին դոլարի անբավարար մուտքերի հետ:

«Ներկայում Հայաստանում ընթացող դրամի արժեզրկման հիմնական պատճառը երկրից կապիտալի արտահոսքն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ շարունակելով. - «Այն փաստաթղթերը, որ մեր ձեռքին կան՝ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված հաշվետվություններ, Վիճակագրական ծառայության կողմից ներկայացված հաշվետվություններ, մեզ թույլ են տալիս ասելու, որ իսկապես Հայաստանում կապիտալի արտահոսք կա, որը պայմանավորված է Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի անկայունությամբ եւ ապագայի նկատմամբ հավատ չներշնչելով»:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանն ասաց, թե դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը կարող էր ավելի շուտ տեղի ունենար». - «Ուղղակի Ամանորի նախօրեին բնակչությունը սկսեց վաճառել իր մոտ եղած դոլարը, որն փոքր ինչ հետաձգեց դրամի անկումը»:

Ազգային ժողովի պատգամավոր Արա Նռանյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կոչ արեց իշխանություններին, Կենտրոնական բանկին վարել դրամի փոխարժեքի կանխատեսելի քաղաքականություն, որը կարող է բերել դրամի աստիճանական արժեզրկմանը, բայց չի կարող հանգեցնել անցած տարի տեղի ունեցած դրամի կտրուկ ու շատերի համար անսպասելի արժեզրկմանը։

«Կենտրոնական բանկը փորձում է ոչ թե շուկայական մեթոդներով պահել [փոխարժեքը], որովհետեւ այդ դեպքում, մենք եկանք եզրակացության, որ վատնում են թանկարժեք պահուստները, այլ վարչական լծակների կիրառումով որոշ չափով ուղղորդել դրամի փոխարժեքի պահպանումը: Սակայն այսպես երկար տեւել չի կարող», - հավելեց նա:

Կենտրոնական բանկից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դրամի փոխարժեքի վերաբերյալ իրենք մեկնաբանություններ եւ կանխատեսումներ չեն անում։

Համաձայն Կենտրոնական բանկի հաշվեկշռային ցուցանիշների, անցած տարվա դեկտեմբերին արտարժութային պահուստները եղել են ավելի քան 515.3 միլիարդ դրամի, իսկ այս տարվա փետրվարի 10-ի դրությամբ` մոտ 465.2 միլիարդ դրամի։ Այսինքն` եթե հաշվի առնենք դրամ-դոլար այսօրվա փոխարժեքը` շուրջ 2.5 ամսվա ընթացքում արտարժութային պահուստները նվազել են գրեթե 123 միլիոն դոլարով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG