Մատչելիության հղումներ

Մարտի 17-ի մամուլ


«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակ» թերթում գրում է. - «Վերջին կադրային փոփոխությունները, մասնավորապես երկու նոր նախարարների նշանակումը, հստակ ցույց տվեցին, որ այլեւս կոալիցիան փաստացի գոյություն չունի, եւ տեղի է ունենում Սերժ Սարգսյանի թիմի կամ Հանրապետական կուսակցության միահեծան իշխանության ստեղծման գործընթացը: Նախագահ դառնալուց երկու տարի հետո Սերժ Սարգսյանը որոշել է ստեղծել մոնոլիտ իշխանություն, որտեղ այլեւս կոալիցիան որեւէ դերակատարում չի ունենալու: Եթե մի քիչ չակերտները բացեմ, շատ ակնհայտ է, որ ոչ Արմեն Երիցյանը, ոչ Մանուկ Վարդանյանը որեւէ կապ չունեն Արթուր Բաղդասարյանի թիմի հետ եւ ձեւականորեն են նախարար նշանակվել «Օրինաց երկրի» քվոտայում: Նրանք իրականում Սերժ Սարգսյանի թիմի ներկայացուցիչներ են: Ես կարծում եմ, որ իշխանության ներսում տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք անշուշտ որոշակի հետեւանքների ու զարգացումներ կհանգեցնեն, որովհետեւ, եթե կոալիցիան նույն ձեւով դադարում է գոյություն ունենալուց, իշխանության մաս կազմող ուժերը պետք է նոր հարաբերություններ հաստատեն»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի քաղաքական դաշտը ընդամենը մի հարց է քննարկում՝ տեսնես Սերժ Սարգսյանը կընդունի՞ միջազգային հանրության պահանջները, թե՞ չի ընդունի: Նման հարցադրումը ինքնին անհեթեթ է, որովհետեւ ի սկզբանե հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը այդ համաձայնագրի տակ չի ստորագրի: Այսինքն, իրականում հայ քաղաքական միտքը այսօր իր առջեւ բոլորովին այլ հարց պիտի դներ. այն է՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին բանակցային գործընթացից «չորով» հրաժարվելու դեպքում... Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրելու եւ երկիրը տանելու է պատերազմի: Ճիշտ է անելու, թե սխալ՝ այլ խնդիր է, բայց թող տպավորություն չստեղծվի, թե նա «դուխով» տղա է եւ պատերազմից չի վախենում, իսկ ժողովուրդը վախենում է: Իրականում ճիշտ հակառակն է. ժողովուրդը ոչ թե պատերազմից է վախենում, այլ վախենում է պատերազմի մեջ մտնել՝ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում Սերժ Սարգսյանի նման մեկին ունենալով»:

«Ազգ» թերթին հարցազրույց է տվել Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Լրագրողը հարցնում է. - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասում է` էկոնոմիկայի նախարարը բան չի հասկանում տնտեսությունից, դա անհատական վե՞ճ եք համարում»: Սահակյանը արձագանքում է. - «Բնականաբար յուրաքանչյուրս էլ կարող ենք գնահատել պետական չինովնիկի աշխատանքը: Բայց այդ խնդիրը մենք չունենք, եւ չեմ կարծում, որ դա պիտի հասնի անձնական վիրավորանքների: Էստեղ էլ քաղաքական տրամաբանությունը չի գործում, կարծիք է` հայտնվել է, դա կոալիցիայի տեսակետ չէ, անհատական կարծիք է, համենայն դեպս` կոալիցիան ձեւավորված մարմին ունի, որը կարող է տեսակետ հայտնել: Եվ կողմնորոշումս էլ այդպիսին չէ, որ իմ ու քո նախարարներ կան երկրում: Նախարարների կաբինետը ձեւավորել է կառավարությունը, նա գործում է, քաղաքական տերմինոլոգիան էլ բացառվում է»: Հարցին էլ, թե ինչպես է վերաբերում Քոչարյանի վերադարձին՝ վարչապետական աթոռին, Գալուստ Սահակյանը պատասխանում է. - «Դա Քոչարյանի իրավունքն է: Նա ՀՀ քաղաքացի է, երկրի նախագահն է եղել եւ լիարժեք իրավունք ունի քաղաքական կյանքով զբաղվելու: Մինչդեռ փորձում են, մանավանդ ընդդիմադիր կողմը, բոբոյի տեսքով ներկայացնել նրան, մոռանալով, որ Քոչարյանը բավական լուրջ ծառայություն ունի երկրին, վերջին հաշվով տնտեսական զարգացումները եւ Հայաստանի բարենորոգ գործունեությունը կապվում են նրա անվան հետ, էնպես որ` ես շատ դրական կհամարեմ, որ այն քաղաքական գործիչները, որ մեր տեսակետին են Ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, դաշտում տեղ ունենան»:

lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանում արդեն երկու տարի, նախագահի 2008 թ. ի վեր տիրում է «կառավարելի քաոս»: Երեք խաղացողները` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կազմում են յուրատեսակ մի եռանկյունի, որ համարվում է ամենաամուր կոնստրուկցիան՝ մի կողմից, մյուս կողմից, դրան շնորհիվ կամ պատճառով Հայաստանում չի ձեւավորվում իշխանությունը եւ որեւէ համակարգ: Այս իրավիճակն առաջացավ 2008-ի նախագահի ընտրությունից հետո: Ներքին ասպարեզում Սերժ Սարգսյանին չհաջողվեց ձեւավորել իր իշխանությունը: Նա չուներ հանրության աջակցությունը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն էր, եւ չուներ համակարգի աջակցությունը, որ մեծամասամբ Ռոբերտ Քոչարյանի կողմն է: Սակայն, Սերժ Սարգսյանը համարվում է նախագահ, այսինքն ունի լիազորություններ, որոնք թեեւ չի կարողանում կիրառել` հանրության ու համակարգի դիմադրության պատճառով, սակայն այնուամենայնիվ ունի, եւ համակարգը չունի երաշխիք, որ նա երբեւէ դա չի կիրառի: Լեւոն Տեր-Պետրոսյանը գրագետ քաղաքականություն վարելով եւ պահպանելով իր հիմնական ռեսուրսը, որն առաջին հերթին նրա կողմնակիցների անկաշառությունն է, կարողացավ Հայաստանի ներքին կյանքը պահել «կառավարելի քաոսի» իրավիճակում: Նա ստեղծեց դասական ցուգցվանգի իրավիճակ, երբ ցանկացած քայլ աշխատում է քո դեմ: Իհարկե, ինքը եւս հայտնվեց այդտեղ, եւ ներկայում ընթանում է խուլ, ձգվող դիրքային պայքար»:

«Հայք»-ի խմբագիրը գրում է. - «Անկասկած, ճիշտ են նրանք, ովքեր պնդում են եւ շեշտում, որ ներկա ճգնաժամային իրավիճակից հնարավոր է դուրս գալ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների միջոցով: Ճիշտ են նաեւ նրանք, ովքեր պնդում են, թե տնտեսությունը կառողջանա, եթե վերացվեն օլիգոպոլիաները եւ հարկային ու մաքսային դաշտում կատարյալ հավասարություն լինի: Դժվար է չհամաձայնել նրանց հետ, ովքեր համոզված են, որ Հայաստանում գիտակրթական ոլորտը զարգացում կապրի արմատական բարեփոխումներից եւ կոռուպցիան ուսումնական հաստատություններից արմատախիլ անելուց հետո: Եթե մի փոքր ուշադիր նայենք, ապա մենաշնորհների վերացման, ուսումնական հաստատությունները կոռուպցիայից մաքրելու մասին խոսում են գրեթե բոլորը՝ ընդդիմադիր գործիչները եւ վարչախմբի ներկայացուցիչները: Իսկ երբ գործը հասնում է արտահերթ ընտրություններին, ապա այստեղ վարչախմբի ներկայացուցիչները կուրծք ծեծելով սկսում են ապացուցել, թե Հայաստանում ամեն ինչ այնքան լավ է, որ նոր ընտրությունների, իսկ ավելի ճիշտ՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի զգացվում»:

Երեկ Շիրակի մարզ շրջայցի ընթացքում «Կապիտալ»-ի հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս է եկել ճգնաժամից, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է. - ««Դա պայմանավորված է նրանով, թե ինչ ենք հասկանում ճգնաժամ ասելով։ Մարդիկ տարբեր բովանդակություն են դնում «ճգնաժամ» հասկացության մեջ։ Օրինակ` 2009 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվել է 17 տոկոս աճ։ Դա կարելի՞ է համարել ճգնաժամ։ Եթե շինարարությունում արձանագրել ենք 14 տոկոս անկում, ապա այդպիսի կտրուկ անկումը ճգնաժամ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG