Մատչելիության հղումներ

Եվրամիության պաշտոնյան Թուրքիային կոչ է արել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ


Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեքշաբթի օրը Լոնդոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, խոսելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին, կոչ է արել նախ կարգավորել հարաբերությունները Կիպրոսի եւ Հայաստանի հետ:

Ֆյուլեն շեշտել է, որ աջակցում է «մեկդարյա թշնամությունը հաղթահարելու՝ Թուրքիայի եւ Հայաստանի ջանքերին»:

«Որպես Չեխիայի՝ նախկին Չեխոսլովակիայի քաղաքացի, ես գիտեմ, որ պատմության քաղաքականացումը դժվարեցնում է հարաբերությունների կարգավորումը», - հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն:

Էրդողանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Լոնդոն է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով:

Թուրք փորձագետների կանխատեսմամբ, երկու վարչապետերի հանդիպման ժամանակ անդրադարձ կլինի նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Թուրքական կողմին հատկապես մտահոգում է Հայոց ցեղասպանության հիշատակության օր հռչակելու մասին բանաձեւը, որ շրջանառվում է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում, եւ որի երկրորդ ընթերցումը նախատեսված է ապրիլի 30-ին:

Օրենքի ուժ ստանալու համար նախագիծը պետք է արժանանա ոչ միայն Համայնքների պալատի, այլ նաեւ Լորդերի պալատի, ապա նաեւ՝ թագուհու հավանությանը:

Սպասվում է, որ էրդողանը կփորձի խոչընդոտել բանաձեւի ընդունումը:


Լուսինե Գրիգորյան, Լոնդոն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG