Մատչելիության հղումներ

Հայաստան ժամանեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը


Գարեգին երկրորդ կաթողիկոսը ողջունում է Կիրիլ պատրիարքին, Երեւան, 16-ը մարտի, 2010թ.
Գարեգին երկրորդ կաթողիկոսը ողջունում է Կիրիլ պատրիարքին, Երեւան, 16-ը մարտի, 2010թ.

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հրավերով երեքշաբթի օրը Հայաստան ժամանեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը: Ռուսիո պատիրարքին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց Վեհափառ հայրապետը` Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների պատվիրակությամբ:

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին դիմավորողների թվում էին նաեւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի դեսպանները:

Կիրիլ պատրիարքի Հայաստան կատարած առաջին պաշտոնական եռօրյա այցի շրջանակներում նախատեսված են ամենատարբեր միջոցառումներ:

Պատրիարքի ժամանումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Հրաշափառի եւ Բարիգալստյան արարողություն, որից հետո համաձայնագիր կնքվեց Էջմիածնի եւ Սերգիեւ Պոսադի միջեւ` որպես քույր քաղաքներ, երկու հայրապետների հովանու ներքո:

«Այս օրերին մեր եկեղեցին եւ մեր ժողովուրդը պիտի վայելեն Ձեր սերն ու օրհնությունը, աղոթքն ու զորակցությունը՝ փոխադարձաբար մատուցելով Ձեզ եւ Ձեր անձի միջոցով հայ ժողովրդի անվերապահ սերը եւ երախտագիտության ջերմ զգացումները հանդեպ ռուս եկեղեցին, ռուս մեծ ժողովուրդը եւ Ռուսաստանի պետությունը», - Հրաշափառի եւ Բարիգալստյան արարողության ժամանակ ասաց Վեհափառ Հայրապետը:

Կիրիլ Պատրիարքը, իր հերթին, հայտարարեց. - «Յուրաքանչուր ոք, ով ժամանում է Հայաստան, չի կարող չհիանալ Արարատով, որտեղ հանգրվանել է Նոյյան տապանը: Ես հոգու թրթիռով զգում եմ, որ այս մեծ հողի վրա տառացիորեն յուրաքանչյուր քար անխոս վկայությունն է մեծ ու փառավոր իրագործումների, սխրանքների ու նվաճումների, որոնք իրենց անկասելի ազդեցությունն են թողել ողջ մարդկության պատմության ընթացքի վրա՝ սկսած այն պահից, երբ Թադեւոս եւ Բադուղիմեոս առաքյալները քրիստոնեության լույսը բերեցին Հայաստան եւ 301 թվականից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունվեց Տրդաթ արքայի կողմից»:

Այնուհետեւ Ռուսիո պատրիարք Կիրիլը Էջմիածնից մեկնեց Օշական` ծաղկեպսակ դնելու 1928 թվականի Ռուս - պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը, չորեքշաբթի օրը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, կայցելի Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, որտեղ նախատեսված է նաեւ հանդիպում ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում տեղի կունենան Գոհաբանական աղոթքի եւ Ռուսիո պատրիարքին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանի հանձնման արարողությունները: Նույն օրը նախատեսված է Կիրիլ պատիրարքի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Մարտի 18-ին` իր այցի վերջին օրը, Ռուսիո պատրիարքը կմասնակցի Երեւանում ռուս ուղղափառ նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությանը եւ իր իսկ հեղինակած գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսին Երեւանի պետհամալսարանում, որտեղ նրան կշնորհվի նաեւ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Այցի ավարտին Գարեգին երկրորդ կաթողիկոսը եւ Կիրիլ առաջին պատրիարքը համատեղ հայտարարություն կստորագրեն:

Նույն օրը Կիրիլ պատրիարքը կմեկնի Մոսկվա:

Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատիրարքի այցը շատ կարեւոր է երկու քույր եկեղեցիների է'լ ավելի սերտացման համար:

«Բնականաբար, նպատակն է ավելի զորացնել, ավելի սերտացնել հարաբերությունները եւ համագործակցությունը, եւ, միանշանակ, այս ամենը արտահայտությունն է նաեւ մեր եղբայր ժողովուրդների բարեկամական կապերի», - ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուն:

Ռուսաստանյան փորձագետները նշում են, որ Կիրիլ Պատրիարքը, ի տարբերություն երջանկահիշատակ Ալեքսի Երկրորդի, ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մակարկինը, Պատրիարք Կիրիլը նման է փորձառու քաղաքական գործչի, ով կարողանում է «շատ կարճ ժամանակում հասնել իր նպատակներին»:

Մակարկինի վստահեցմամբ, նա «մտերիմ հարաբերություններ ունի թե նախագահ Մեդվեդեւի, թե վարչապետ Պուտինի հետ». - «Միանշանակ է, որ Պատրիարք Կիրիլը այսօր ազդեցիկ քաղաքական գործիչ է Ռուսաստանում: Մի մարդ, ում կարծիքը հաշվի է առնվում Կրեմլում»:

Հայաստանում է Ռուսիո պատրիարքը
please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG