Մատչելիության հղումներ

Գերմանիան 105.5 միլիոն եվրոյի վարկեր եւ դրամաշնորհներ կտրամադրի Հայաստանին


Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը այսօր ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ 2009 - 2010 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը, որով Գերմանիան Հայաստանին առաջիկա տարիների համար կտրամադրի մինչեւ 105.5 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ:

Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, միջոցները հատկացվելու են հետեւյալ ծրագրերի իրականացման համար. «Համայնքային ենթակառուցվածքների վերականգնման բաղադրիչ» ծրագրի գծով (ՀԵԾ II` Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում Շիրակի եւ Լոռու մարզերում)` մինչեւ 40 միլիոն եվրո վարկ, «Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնման բաղադրիչ» ծրագրի գծով` մինչեւ 22 միլիոն եվրո վարկ, «Բնակարանային ֆինանսավորման կայուն զարգացող շուկայի բաղադրիչ» ծրագրի գծով` մինչեւ 20 միլիոն եվրո վարկ, «Վերականգնվող էներգակիրների վարկավորման բաղադրիչ» ծրագիր` մինչեւ 18 միլիոն եվրո վարկ եւ մինչեւ 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ` ծրագրին հարակից տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման համար, «Բնապահպանական ծրագիր. արգելոցների աջակցության բաղադրիչ»` մինչեւ 4 միլիոն եվրո դրամաշնորհ:

Յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվում է կնքել առանձին պայմանագիր, որին կնախորդի բանակցային գործընթաց եւ կհստակեցվեն տրամադրվող գումարների ծավալները, պայմանները եւ այլ հարցեր:

Հայ - գերմանական երկկողմ համագործակցությունը սկիզբ է առել 1993 թվականին, սկզբում` որպես տեխնիկական օժանդակություն, իսկ 1995 թվականից սկսած իրականացվում են նաեւ ֆինանսական համագործակցության ծրագրեր:

Ընդհանուր առմամբ, հայ - գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում մինչ օրս կնքվել են շուրջ 160.3 միլիոն եվրոյի համաձայնագրեր, որից 118 միլիոնը` վարկային, իսկ 42.3 միլիոնը` դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG