Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ Շվեդիան համատեղ քննադատում են Ռիկսդագի բանաձեւը


Թուրքիայի եւ Շվեդիայի արտգործնախարարները շաբաթ օրը համատեղ դատապարտել են Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը, հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարլ Բիլդտը, ով Ֆինլանդիայում ոչ ֆորմալ բանակցություններ էր անցկացնում արտգործնախարարների, այդ թվում թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ, լրագրողների հետ զրույցում ասել է, թե հիասթափված է Ռիկսդագի քվեարկության արդյունքներից եւ մտահոգված, որ բանաձեւի ընդունումը կարող է վնաս հասցնել հայ - թուրքական հաշտեցման գործընթացին:

«Դա ցավալի է, քանի որ ես կարծում եմ, որ պատմության քաղաքականացումը որեւէ օգտակար նպատակի չի ծառայում», - ասել է Բիլդտը` հավելելով. - «Մենք շահագրգռված ենք հաշտեցման գործով, իսկ նման որոշումները կարող են ավելի շուտ մեծացնել լարվածությունը, քան մեղմել այն»:

Դավութօղլուն, իր հերթին, հայտարարել է, թե Թուրքիան չի կարող հանգիստ հետեւել, եթե այլ պետություններ նույնպիսի քայլեր ձեռնարկեն եւ 1915 թվականի իրադարձությունները որակեն ցեղասպանություն:

«Մենք չենք լռելու եւ սոսկ սովորական դիրքորոշումները չենք արտահայտելու: Յուրաքանչյուր դեպքի համար մենք տարբեր միջոցների ենք դիմելու», - վստահեցրել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը ճնշում գործադրելն է, ապա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Եթե նպատակը տեղական ներքին խնդիրներ լուծելն է, ապա Թուրքիայի պատմական իրադարձությունները չպետք է օգտագործվեն այդ նեղ նպատակների համար», - ասել է Դավութօղլուն:

Նա նաեւ մտահոգություն է հայտնել, թե Շվեդիայի խորհրդարանի բանաձեւը կարող է բացասաբար ազդել հայ - թուրքական հաշտեցման գործընթացի վրա մի ժամանակաշրջանում, երբ, ըստ նրա, երկու երկրները առաջընթաց են արձանագրում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG