Մատչելիության հղումներ

Ստորագրվել է Հայաստան-Լեհաստան տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի Հայաստան կատարած աշխատանքային մեկօրյա այցի շրջանակներում ուրբաթ օրը երկու երկրների էկոնոմիկայի փոխնախարարները ստորագրել են «Հայատանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Կառավարությունում վարչապետեր Տիգրան Սարգսյանի եւ Դոնալդ Տուսկի հանդիպմանը հետեւած համատեղ ճեպազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը նշեց, թե համաձայնագիրը բարենպաստ միջավայր է ապահովելու երկկողմ ներդրումների պաշտպանության եւ մասնավոր հատվածի օժանդակության համար:

Ըստ համաձայնագրի, պետք է ստեղծվի երկկողմ` հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով, որը քննարկելու է երկու երկրներին առնչվող քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարցեր: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց, թե արդեն կան պայմանավորվածություններ կոնկրետ բիզնես-ծրագրերի վերաբերյալ, որոնք կքննարկվեն նշված հանձնաժողովում:

Իր հերթին` լրագրողների հետ հանդիպմանը Դոնալդ Տուսկը հայտարարեց, թե նախատեսվում է համագործակցություն ծավալել քիմիական, արդյունաբերական ոլորտներում, ինչպես նաեւ ուսումնասիրել ու վերցնել Հայաստանի փորձը ատոմային էներգիայի արտադրության բնագավառում:

Այցելության ընթացքում Լեհաստանի վարչապետին ընդունելու են նաեւ Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Դոնալդ Տուսկը այցելելու է Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ է դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG