Մատչելիության հղումներ

Մարտի 12-ի մամուլ


«Եթե դու հանկարծ «ցեղասպանություն» բառն արտասանես, ես քեզնից ռազմական հրթիռ, ինքնաթիռ եւ ուղղաթիռ չեմ առնի, ինչպես նաեւ չեմ աջակցի Իրանում եւ Աֆղանստանում քո օպերացիաներին: Ահա այդպես պարզ եւ միանշանակ է, ըստ թուրքական մամուլի, նախազգուշացնում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նախօրոք «գրաքննելով» վերջինիս` ապրիլի 24-ին արտասանվելիք ճառը: Ես, օրինակ, Օբամայի տեղը լինեի, նման բացահայտ շանտաժից կվիրավորվեի. - «Այս ո՞ւմ ես դու սպառնում, սիրելի Ահմեդ», - կասեի, - «հիմա հենց քեզ ինադու «ցեղասպանություն» կասեմ, իսկ ինքնաթիռ-ուղղաթիռներիս համար ուրիշ մուշտարի կճարեմ, տարածաշրջանում էլ առանց քո օժանդակության իմ պատերազմները կվարեմ»: Բայց դա, իհարկե, լուրջ քաղաքական մոտեցում չէ», - գրում է «Առավոտի» խմբագիրն ու հավելում. - «Մենք` հայերս, կարող ենք միայն կոչեր անել` պատմական արդարության, համամարդկային արժեքները հարգելու եւ այլն: Առաջին հայացքից թվում է, որ մեր ձեռքին եղածը դասական «թղթե շերեփ» է` ինքնաթիռ-հրթիռների հետ համեմատած: Սակայն ես վստահ եմ, որ մեր այդ «բարոյական» խաղաքարտերը կարող են ավելի զորեղ լինել: Դրա համար անհրաժեշտ է ապացուցել, որ մենք ի վիճակի ենք պետություն ստեղծել, որը առաջնորդվում է այդ նույն արդարությամբ եւ նույն արժեքներով: Այդ պահը, մեղմ ասած, հեռու է»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը քննարկում է կառավարության քաղաքականությունը. - «Կառավարության ձեռնարկած քայլերը առանձին-առանձին դիտարկելը սխալ է: Այս ամենի մեջ որոշակի միասնական տրամաբանություն կա, եւ դրա իմաստն այն է, որ Հայաստանը «մանրից» սկսում է ապրել արտակարգ իրավիճակի պայմաններում, կամ, եթե կուզեք՝ «պատերազմական ժամանակի օրենքներով»: Ինչպես հայտնի է, պատերազմի մեջ գտնվող ցանկացած երկրում օրենքները կտրուկ խստացվում են, եւ ընդհանուր տրամաբանությունը լինում է այն, որ պետությունը ցանկացած պահի պիտի իրավունք ունենա հանուն «համընդհանուր շահի» ոտնահարել մարդու իրավունքները, խլել նրա ունեցվածքը, մի խոսքով՝ ամեն ինչ ծառայեցնել «համընդհանուր հաղթանակին»: Իսկ հիմա ուշադիր նայեք վերջին տարիների «օրենսդրական փոփոխություններին»: Փաստորեն, Հայաստանում իշխանությունները կարող են ցանկացած պահի խլել ցանկացած մարդու ունեցվածքը (մեզանում դա կոչվում է «հանրային գերակա շահ»), կարող են ցանկացած մարդու տուգանել ցանկացած չափով (օրենքը տասնյակ հնարավորություններ է տալիս), կարող են ցանկացած պահի փակել ցանկացած ճանապարհ կան շրջափակել ցանկացած բնակավայր (մեզ մոտ դա կարող է կոչվել, ասենք «Վահան» օպերացիա), կարող են մեկուսացնել ցանկացած մարդու եւ այսպես շարունակ»:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հրապարակած զեկույցի վերաբերյալ «Առավոտ»-ը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ: Նրա դիտարկմամբ՝ դիտորդները արձանագրել են այն իրավիճակը, որն իրականում կա մեր դատարաններում: «Այլ բան նրանք չէին էլ կարող արձանագրել, որովհետեւ որեւէ օրինական բան մեր դատարաններում չի էլ կատարվում, որ հնարավոր լիներ արձանագրել: Բայց նույնիսկ նրանք ինչ-ինչ, ամենայն հավանականությամբ՝ քաղաքական նկատառումներից ելնելով, իրենց զեկույցը հրապարակեցին ոչ այն ժամանակ, երբ զեկույցը պատրաստ էր եւ պետք է հրապարակվեր: Դա պետք է արվեր դեռ անցած տարի, աշնանը, բայց զեկույցը հրապարակեցին հիմա, ինչը այդքան մեծ արձագանք չունի: Այն արդյունքը, որ պետք է տար այդ զեկույցը, այսօր, գոնե Հայաստանի ներսում, չի տալիս: Այլ խնդիր է, որ դրսում՝ միջազգային կազմակերպություններում, զեկույցը, իհարկե, կաշխատի, կօգտագործվի համապատասխան կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա ինչ-ինչ հարցերում նաեւ որպես ճնշման միջոց», - ասել է Վարդան Հարությունյանը:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամ Գեւորգ Թովմասյանը այս տարվա փետրվարի 15-ին նշանակվել է Գլխավոր դատախազի խորհրդական: «Երբ 2008-ի հոկտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանի ստորագրած կարգադրության հիման վրա ստեղծվեց Փաստահավաք խումբը, իշխանական երկու անդամներից մեկի պաշտոնում նշանակվեց Գեւորգ Թովմասյանը, ով դրանից երկու օր առաջ իր դիմումի համաձայն ազատվել էր Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ այն ժամանակ՝ երկարատեւ աշխատանքի հիմքով թոշակի անցնելու պատճառաբանությամբ: Պաշտոնազուրկ Գեւորգ Թովմասյանին Հայաստանի իշխանությունները միջազգային կառույցներին ներկայացնում էին որպես Հայաստանի իշխանությունների ազդեցությունից դուրս եւ անկողմնակալ փորձագետ», - գրում է թերթը:

«Իրավունք»-ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանում կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քննարկել է Մադրիդյան սկզբունքների փոփոխությունների հետ կապված Հայաստանի կողմից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին նոր առաջարկներ ներկայացնելու հարցը: Նա ասում է. - «Բնականաբար, դա շարունակական պրոցես է, քննարկումները բաց չեն, որ կանխորոշումներ անենք, բայց, իհարկե, ամեն հանդիպման ժամանակ կամ հանդիպումից հետո բազմաթիվ առաջարկներ կլինեն: Հարցը նա է, որ մեր դիրքորոշումը չի փոխվում: Իսկ կոնկրետ առաջարկների հետ կապված՝ անհրաժեշտ չէ, որ ես տեղյակ լինեմ, իսկ եթե տեղյակ էլ լինեմ, բնական է, ոչինչ չեմ ասելու, որովհետեւ դրանք այն փաստաթղթերը չեն, որոնք վավերացվել են եւ պիտի հրապարակվեն: Դրանք ընդամենը քննարկման նյութ են»:

«Կապիտալ»-ի թղթակիցը փորձագետ Մանվել Սարգսյանին հարցնում է. - «Եթե Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան, ղարաբաղյան հակամարտության գործընթացում որեւէ բան կարո՞ղ է փոխվել»։ Փորձագետը պատասխանում է. - «Քաղաքական առումով ամեն ինչ կփոխի, քանի որ Ադրբեջանը մինչեւ հիմա Ղարաբաղին որպես թշնամի չի ընդունում։ Նա հայտարարում է, որ իր թշնամին Հայաստանն է, որը, ըստ Ադրբեջանի, օկուպացրել է իր տարածքները, ուստի եւ բանակցում է Հայաստանի հետ եւ ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղը չդառնա բանակցող կողմ։ Եթե Ղարաբաղը հանկարծ վերադառնա բանակցային գործընթաց, կստացվի, որ Ադրբեջանը ստիպված կլինի փաստացի ճանաչել Լեռնային Ղարաբաղը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG