Մատչելիության հղումներ

Մարտի 11-ի մամուլ


Հայաստանի Հանրապետության դատախազության բարձրաստիճան մի պաշտոնյա «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչված միակ մարդն է Հայաստանում, որ գտնվում է բանտում: «Ճիշտ է, Սասուն Միքայելյանն էլ է այդ հոդվածով մեղավոր ճանաչվել, բայց դատարանը 225-ի առաջին մասով նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման, եւ ֆորմալ առումով, եթե Միքայելյանի վրա չլիներ ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածը, նա պետք է դատարանի դահլիճից ազատ արձակվեր, ինչպես 225 հոդվածի առաջին մասով մեղադրված մյուս քաղաքացիները», - նշել է դատախազության պաշտոնյան: «Ըստ վերջինիս, Նիկոլ Փաշինյանի իրավական կարգավիճակի եզակիությունը նրա քաղբանտարկյալ լինելու եւս մեկ անհերքելի ապացույց է», - եզրահանգում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Լեզուն, որով իշխանությունը շարադրում է այս կամ այն ոլորտում բարեփոխումների իմաստը, հիմնավորում գների աճը կամ նոր հարկերի սահմանումը, բնակչության մեծամասնության կողմից ընկալվում է որպես անհամոզիչ, ավելին. որոշ դեպքերում նույնիսկ ծաղրական։ Բերվում են տարօրինակ, առողջ դատողությանը անհարիր փաստարկներ, սակայն հարցեր տալ «կողմնակի անձինք» չեն կարող։ Իշխանության եւ բնակչության հաղորդակցությունը խզված է։ Մինչդեռ «ժողովրդական հուզումները» գրեթե միշտ սկսվում են նրանից, որ բնակչությունը դադարում է ունկնդրել իշխանության ներկայացուցիչներին։ Հաղորդակցական խզումը տեղի է ունենում, իհարկե, ոչ միանգամից եւ, որպես կանոն, մեղավոր է հենց իշխանությունը։ Այսպես թե այնպես, բայց գալիս է մի այնպիսի պահ, երբ բնակչությունը «հրաժարվում է հասկանալ» եւ «դադարում է լսել» իշխանությամբ օժտվածներին, իսկ վերջիններս արդեն չեն կարող ստիպել լսել ու հնազանդվել»։

«Կապիտալ»-ի մեկնաբանը գրում է. - «ՀԱԿ-ը սոցիալական պայքարի մասին է հայտարարում` մոռանալով, որ ՀՀՇ-ի օրոք սկսվեց սոցիալական ալան-թալանը, որն այսօր, ստանալով «օրինական» տեսք, վերածվեց սոցիալական տեռորի։ Դժվար է նաև հավատալ, որ տնտեսական բարեփոխումների լուրջ ծրագիր չունենալով` ՀԱԿ-ը կկարողանա պայքարել սոցիալական կամ որևէ այլ ուղղությամբ: Ինչեւէ, կարեւորն այստեղ ՀԱԿ-ը չէ, ոչ էլ նրա քաղաքական ծրագրերը։ Կարեւորն այն է, որ այս քաղաքական խաղերի հետեւանքով քաղաքացին կորցնում է հավատը սեփական ուժի նկատմամբ, դառնում մանիպուլյացիաների օբյեկտ։ Այսպիսի խաղերի հետեւանքով մարդիկ շարունակում են հավատալ, որ երկրում հնարավոր կլինի իրականացնել բարեփոխումներ միայն իշխանափոխության ճանապարհով, հավատալ, որ փոխելով ներկա իշխանական վարչակազմը` հնարավոր կլինի փոխել նաեւ համակարգը։ Սա պարզունակ ու միամիտ մոտեցում է, չհիմնավորված, չտրամաբանված, բայց հասարակության մեջ կարծրացած մոտեցում»։

«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ներկայացուցիչները մարտի 2-ից 4-ը անցկացրեցին Մարդու իրավունքներին նվիրված այս տարվա առաջին հանդիպումը. - «Նախարարների կոմիտեն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ կայացված 6 վճիռների կատարման ընթացքին: Մասնավորապես, հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ կայացված գործերից «Ա1+»-ի կամ «Մելտեքս» ընկերության ու Մեսրոպ Մովսեսյանի վճռի կատարման վերաբերյալ այս հանդիպման ընթացքում կայացված որոշումը: Մարտի 4-ին վերստին քննելով 2008 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած այս վճռի կատարման ընթացքը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ներկայացուցիչները որոշել են՝ «Ընդունել ի գիտություն այն տեղեկատվությունը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը՝ հաստատելով 2010 թվականի հուլիսին մրցույթի կայացումը, որին հնարավորություն կունենա մասնակցել դիմումատուն: Որոշմամբ առաջարկվել է Հայաստանի իշխանություններին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին տեղեկացնել մրցույթի անցկացման ընթացքի մասին»:

«Ժամանակ»-ի թղթակիցը Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախկին անդամ Դավիթ Հովհաննիսյանին հարցնում է. - «Միացյալ Նահանգների Կոնգրես պատվիրակություն ուղարկելով ու նամակներ հղելով՝ Հայաստանը հասկանալով կամ չհասկանալով վատացնում է թուրք-ամերիկյան հարաբերությունները: Դա որքանո՞վ է մեզ պետք»: Հարությունյանը արձագանքում է. - «Հայաստանն իր ներկայիս վիճակում ոչինչ չի կարող վատացնել կամ լավացնել: Ընդամենը ԱՄՆ-ը օգտագործում է Ցեղասպանության բանաձեւ ընդունել-չընդունելու խաղաքարտը, որպեսզի որոշակի մեսիջ ուղարկի թուրքերին: Թուրքերը այդ մեսիջը ստանում են եւ վարվում են այնպես, ինչպես իրենք են որոշում: Ի՞նչ գործ ունի այստեղ Հայաստանը, ո՞վ կարող է դա բացատրել: Ի դեպ, կրկնեմ, որ մեր իշխանությունները Կոնգրես պատվիրակություն են ուղարկել ոչ թե նրա համար, որ ամերիկացիները տեսնեն, որ հայկական պատվիրակություն է ժամանել քննարկանը, այլ նրա համար, որպեսզի Հայաստանի հասարակությունը տեսնի, որ տեսեք՝ մենք զբաղված ենք լուրջ ու կարեւոր գործերով, իսկ դուք ձեր խղճուկ կենցաղային հարցերով, պաշտպանված իրավունքներ ունենալու խնդիրներով մեզ շեղում եք նման հիմնահարցերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG