Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը մրցանակ է շնորհում ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը մարտի 10-ին «Խիզախ կին» մրցանակը հանձնեց քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:

Մրցանակը Սուխուդյանին շնորհվել է «շրջակա միջավայրի եւ հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը եւ արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվության, խիզախության եւ առաջնորդության ցուցաբերման համար»՝ շեշտադրելով վերջինիս սխալը ուղղելու վճռականությունը անձնական զոհողությունների գնով: Միջոցառմանը, որին մասնակցում էին հայաստանյան քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ելույթ ունեցան ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը եւ Մարիամ Սուխուդյանը:

Իր ելույթում դեսպան Յովանովիչը նշեց, որ Սուխուդյանը քարոզարշավ է կազմակերպել` պաշտպանելու Հայաստանի անտառները, բնությունը եւ շրջակա միջավայրը:

«Նա, որպես կամավոր աշխատել է հատուկ կարիքներով երեխաների դպրոցներում, եւ, հայտնվելով Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում եւ պարզելով, որ այնտեղ գտնվող երեխաները անտեսված են, ենթարկվում են բռնության՝ քայլեր է ձեռնարկել դրանք կանխելու համար…ոչ ի օգուտ իրեն, այլ հանուն արդարության և Հայաստանում ապրող երեխաների բարօրության», - նշեց ԱՄՆ-ի դեսպանը։

Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով ԱՄՆ-ի դեսպանատան կողմից մրցանակի արժանանալու փաստը, Սուխուդյանը, մասնավորապես, ասաց. - «Մի քիչ ամաչում եմ, որ դա ոչ թե իմ երկրի կողմից է տրվում, այլ ուրիշ երկրի կողմից։ Ուրիշ երկրում դա այնքան նորմալ բան է՝ ուղղակի բնազդից ելնելով, երբ տեսնում ես, որ կողքիդ ինչ-որ բան է մորթվում, ջարդվում, դու փորձում ես կասեցնել դա»։

30-ամյա Մարյամ Սուխուդյանը մոտ մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստների հետ 2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին որպես կամավոր աշխատելով Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում, արձանագրել էր, որ դպրոցում ապահովված չեն սաների կրթության եւ դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններ։ Բացի այդ, Սուխուդյանը տեսագրել եւ լրատվամիջոցներին էր փոխանցել դպրոցի սաներից մեկի՝ Դիանա Ամիրխանյանի պնդումները այն մասին, որ դպրոցի ուսուցիչներից մեկը սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել։

Դպրոցի տնօրինությունը կտրականապես հերքեց այդ մեղադրանքները։ Ոստիկանության իրականացված քննության արդյունքում հիշյալ ուսուցիչը՝ Լեւոն Ավագյանը, արդարացվեց այն բանից հետո, երբ Դիանա Ամիրխանյանը հրաժարվեց իր խոսքերից։ Այնուհետեւ ոստիկանությունը Մարիամ Սուխուդյանին մեղադրեց շահադիտական նպատակներով սուտ մատնություն կատարելու մեջ՝ հայտարարելով, որ ակտիվիստը համոզել է դպրոցի աշակերտուհուն հանդես գալ այսպիսի պնդումներով։ 2009 թվականի օգոստոսին Սուխուդյանին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց սուտ մատնության համար, որը նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։

Գործի առնչությամբ մամուլում եւ տարբեր շրջանակներում բարձրացած քննադատության ճնշման տակ ոստիկանությունը 2009-ի հոկտեմբերին սուտ մատնության փոխարեն Սուխուդյանին առաջադրեց նոր մեղադրանք՝ զրպարտություն, որը պատժվում է տուգանքով։ Սուխուդյանի խոսքով, այդ ժամանակ քննիչներն իրեն առաջարկել են գործը համաներմամբ կարճել, սակայն ակտիվիստը հրաժարվել է, ասելով, որ արդարացում է պահանջում։

Սուխուդյանի կարծիքով, ԱՄՆ-ի դեսպանատան կողմից իրեն նման վերաբերմունքի արժանացնելը որոշակի ուղերձ է Հայաստանի իրավապահ մարմիններին. - «Դա հղում է, ըստ ինձ, եւ արդեն այդ իրավապահ մարմինները իրենք էլ խճճված են այս գործի մեջ։ Երեւի կկարճվի [գործը]»։

ԱՄՆ-ի դեսպանատունը ճանաչել է Սուխուդյանին դեսպանատան կողմից շնորհվող «Խիզախ կին» մրցանակի հաղթող` ի պատիվ նրա բոլոր ջանքերի թե՛ որպես շրջակա միջավայրի եւ թե՛ որպես հատուկ կարիքներով երեխաների իրավունքների պաշտպան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG