Մատչելիության հղումներ

Կոնգրեսի հանձնաժողովի թիվ 252 բանաձեւի ընդունումը «ԱՄՆ-ի բարձրացրած մահակ է»


Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Զաքարյանը (ձ) եւ Կորյուն Նահապետյանը մամուլի ասուլիսում:
Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Զաքարյանը (ձ) եւ Կորյուն Նահապետյանը մամուլի ասուլիսում:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի ընդունումը Հայաստանի Ազգային Ժողովից Միացյալ Նահանգներ գործուղված պատվիրակության անդամ, պատգամավոր Արտակ Զաքարյանը (ՀՀԿ) որակում է որպես ԱՄՆ-ի բարձրացրած մահակ։

«Բայց թե այդ մահակը ինչ ազդեցություն կունենա եւ որքանով այն կշարունակի գործել Թուրքիայի վրա, այսինքն՝ նկատի ունեմ այն խնդիրը, որ Կոնգրեսի լիագումար պալատը կքննարկի՞ արդյոք եւ կմտցնի՞ օրակարգ, թե՞ ոչ, դա կախված է արդեն Թուրքիայի հետագա դիրքորոշումներից», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Զաքարյանը:

Պատվիրակության մեկ այլ անդամի՝ անկախ պատգամավոր Կորյուն Նահապետյանի գնահատմամբ, իրենց ներկայությունը «իրապես ազդեց Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականների վրա». - «Նրանք համոզվեցին, որ Հայաստանը, ողջ հայությունը ունի միասնական կեցվածք Հայոց ցեղասպանություն ճանաչման հարցում»:

Նահապետյանի տեղեկացրեց նաեւ, որ բանաձեւի ընդունման հաջորդ օրը իրենք Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ քննարկել են հաջորդ քայլը, թե երբ պետք է բանաձեւը ներկայացվի լիագումար նիստին։

«Բերմանը չէր կարող հստակ պատասխան տալ, որովհետեւ ակնհայտ էր, որ այս պահին այդ հարցի պատասխանը դեռ մնում է անորոշ: Սակայն մենք հուսով ենք, որ մինչեւ Կոնգրեսի լիազորությունների ժամկետի ավարտը պետք է տեղի ունենա հաջորդ քայլը», - հավելեց նա:

Կոնգրեսի հերթական ընտրությունները, հիշեցնենք, նախատեսված են գալիք նոյեմբերին:

Արտակ Զաքարյանը, իր հերթին, գտնում է, որ հարցի՝ Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ մտնելու վերաբերյալ կանխատեսումներ անել պետք չէ. - «Կարծում եմ, որ ինչպես եւ նախկին ժամանակներում, այս անգամ եւս դա իր ազդեցությունը կունենա: Ինչպես հավանականություն կա, որ խնդիրը կմտնի լիագումար նիստ, այնպես էլ հավանականություն կա, որ խնդիրը չի մտնի լիագումար նիստ»:

Հարցին, թե որքանով է հավանական, որ նախագահ Բարաք Օբաման վետո դնի բանաձեւի վրա, Զաքարյանը արձագանքեց. - «Որպեսզի նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը իր ազդեցությունը՝ որպես հնարավոր ազդեցություն, ունենա եւ շարունակություն ստանա, բնականաբար, Թուրքիայի Հանրապետությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման գործընթացին շատ ավելի լուրջ պետք է մոտենա, որպեսզի թույլ չտա հնարավոր խնդրի հետագա զարգացում: Այսինքն՝ Թուրքիային հնարավորություն է տրված այլ հարթություններում գործել, որպեսզի բանաձեւը ընթացք չստանա լիագումար նիստում»:

Մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը հարուցել է պաշտոնական Անկարայի զայրույթը: Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը հետ էր կանչվել Անկարա՝ խորհրդակցությունների։

Ըստ լրատվական գործակալությունների, Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավում պարզորոշ ասում են, որ թիվ 252 բանաձեւը չպետք է մտցվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG