Մատչելիության հղումներ

Վրաստանը պատրաստ է վերականգնել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ


Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ցուցատախտակը տեղեկացնում է Թբիլիսիից չարտերային չվերթով ժամանող օդանավի մասին, 8-ը հունվարի, 2010թ.
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ցուցատախտակը տեղեկացնում է Թբիլիսիից չարտերային չվերթով ժամանող օդանավի մասին, 8-ը հունվարի, 2010թ.

Վրաստանը պատրաստ է վերականգնել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ: Այդ մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն` միաժամանակ ընդգծելով, որ այդ որոշումը կախված է Ռուսաստանի իշխանություններից:

«Խնդիրն այն է, որ երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունը դադարեցվել է պաշտոնական Մոսկվայի նախաձեռնությամբ, եւ հիմա միայն Կրեմլը կարող է վերանայել այդ որոշումը», - ասել է վրացի դիվանագետը:

Օդային հաղորդակցությունը վերականգնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել Վրաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը` պնդելով, որ Վերին Լարսի անցակետի բացումը ողջունելի է, սակայն դրանից առավել շահում են բեռնափոխադրողները, բայց ոչ` շարքային քաղաքացիները:

«Պետությունը եւ կառավարությունը պետք է մտածի իր 800 հազար քաղաքացիների մասին, որոնք ապրում են Ռուսաստանում: Մենք պահանջում ենք կառավարությունից` բանակցություններ սկսել Ռուսաստանի համապատասխան պաշտոնյաների հետ այս հարցի շուրջ», - հայտարարել էր կուսակցության առաջնորդ Նիկա Լալիաշվիլին:

Երկու երկրների միջեւ ուղիղ չվերթները ընդհատվել են 2008 թվականի ռուս - վրացական կարճատեւ պատերազմից հետո: Հաղորդակցությունը վերականգնելու հարցով կողմերը շուրջ մեկ տարի բանակցություններ էին վարում: Արդյունքում` տարեսկզբին հաջողվեց վերականգնել ուղիղ չվերթները, սակայն խիստ կարճ ժամանակահատվածով` ընդամենը երեք օրով:

Այժմ Վրաստանի Georgian Airways ընկերությունը պաշտոնական դիմում է հղել Ռուսաստանի իշխանություններին երկու երկրների միջեւ կանոնավոր թռիչքներ իրականացնելու մասին, երկուշաբթի օրը հայտարարել է ընկերության հանրային կապերի պատասխանատուն:

«Ամեն տարի մարտի 28-ին ավիացիոն ոլորտում սկսվում է նոր` գարնանային շրջան, բոլոր ավիափոխադրողները վերանայում են իրենց չվացուցակները: Մենք էլ ենք կազմել նոր գրաֆիկ եւ այն ուղարկել երկրներ, որոնց հետ համագործակցում ենք, այդ թվում` Ռուսաստան: Եթե ռուսական կողմը այն հավանության արժանացնի, մենք էլ կսկսենք կանոնավոր չվերթներ իրականացնել», - մանրամասնել է վրացական ընկերության խոսնակը:

Ավելի վաղ, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե պատրաստ է դիտարկել երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը` այն բանից հետո, երբ կկարգավորվեն առկա տեխնիկական խնդիրները, մասնավորապես` կհամաձայնեցվեն չվերթներն ու կմարվեն վրացի փոխադրողների կուտակած պարտքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG