Մատչելիության հղումներ

Մարտի 9-ի մամուլ


«Ժամանակ»-ին տված հարցազրույցում քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը ասել է. - «Արեւմուտքը շարժվում է real politic-ով եւ կասկածի տակ չի դնում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, որովհետեւ նա բավականին ցանկալի թեկնածու է դրսի ուժերի համար: Նախ` լեգիտիմ չէ, երկրորդ` երկրում կան քաղբանտարկյալներ, նաեւ թույլ նախագահ է, որովհետեւ ամբողջ իշխանական բուրգը չի վերահսկում»: ԼՐԱՑՎԱԾ

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը հարցեր է բարձրացնում. - «Մեծ հաշվով, Հայաստանում ապրող ցանկացած մտածող մարդ այսօր պիտի պատասխանի ընդամենը մի քանի հարցի: 1. Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները իսկապես հանցագործ են եւ զբաղված են երկիրը թալանելով, թե՞ նրանք այնուամենայնիվ փորձում են ինչ-որ բան անել, բայց չեն կարողանում: 2. Արդյո՞ք միակ ելքը այս իշխանություններին մեկուսացնելն է, թե՞ հնարավոր է ճնշումների միջոցով նրանց «ավելի լավը» դարձնել: 3. Արդյո՞ք Հայաստանում գոյություն ունի քաղաքական ուժ, որն ի վիճակի է լուծել այդ հարցը: 4. Եթե այո, ապա արդյո՞ք այդ քաղաքական ուժը բավարար արժանիքներ (ուժ, հեղինակություն, բարոյականություն) ունի՝ իր առջեւ դրված խնդիրը լուծելու համար»:

lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանի հակադեմոկրատական ուժերը, գալով իշխանության, փորձեցին վերակենդանացնել այդ հակաազատական գաղափարները, հաճախ աղավաղելով դրանք: Տնտեսության մեջ Հանրապետական կուսակցությունը եւ նրա շուրջ համախմբված հակադեմոկրատական ուժերը որդեգրեցին օլիգապոլիաների ստեղծման քաղաքականությունը, իսկ պետական շինարարության մեջ` ներպետական ինքնիշխանությունը փոշիացնելու` օլիգարխիական կլանների մեջ բաշխելու ռազմավարությունը: Վերջինս նաեւ նշանակում է պետության կողմից բռնության մենաշնորհի կորուստ եւ բռնության իրավունքի փաստական անցումը օլիգարխների սեփական բանակներին` «սեքյուրիթիներին»: Չդադարող կլանային «ռազբորկաները» դրա վառ արտահայտությունն են: Հայաստանում դեմոկրատական քաղաքականությունը կենտրոնացել է «ազատ, արդար եւ թափանցիկ» ընտրություններ անցկացնելու խնդրի վրա: Ձեւականորեն մենք բոլորս հավասար ընտրական իրավունք ունենք, հետեւաբար, կարելի էր ենթադրել, որ վաղուց արդեն ընտրական մեխանիզմի միջոցով պետք է ձեւավորվեր ժողովրդավարական հասարակարգ: Դա չի կատարվում, որովհետեւ քաղաքականությունը վաղուց չի ձեւավորվում ընտրություններում. այն «հեռացել» է այլ` տնտեսական ոլորտ: Իշխանության իրական հենարանը ոչ թե ընտրություններում ստացած ձայների մեծամասնությունն է, այլ տնտեսական անհավասարությունը` տնտեսական «մեծամասնություն» լինելը»:

«Ժամանակ»-ը զրուցել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ: Նա ասում է. - «Արեւմուտքը շարժվում է real politic-ով եւ կասկածի տակ չի դնում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, որովհետեւ նա բավականին ցանկալի թեկնածու է դրսի ուժերի համար: Նախ՝ լեգիտիմ չէ, երկրորդ՝ երկրում կան քաղբանտարկյալներ, նաեւ թույլ նախագահ է, որովհետեւ ամբողջ իշխանական բուրգը չի վերահսկում: Արեւմուտքը մտածում է, որ եթե հիմա ինքը խթանի արտահերթ ընտրություններ, եւ իշխանության գա Կոնգրեսը, ապա հնարավոր է նա վերանայի հայ-թուրքական արձանագրությունները կամ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները: Ինչո՞ւ պետք է Արեւմուտքը հրաժարվի Սերժ Սարգսյանից, եւ գա Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին շատ ավելի դժվար կլինի պարտադրել ցյուրիխյան արձանագրությունները: Բացի այդ, ընտրությունները նշանակում են 8-9 ամիս ոչ կայուն իրավիճակ, եւ նախընտրական շրջանում ոչ ոք չի ցանկանա ոչ հայանպաստ Մադրիդյան փաստաթուղթ ստորագրել»:

«Տարեգիր»-ը կրկին անդրադարձել է «շնահարկի» խնդրին. - «Քաղաքապետարանը, «թյուրընկալումից ու ապատեղեկատվությունից խուսափելու համար» պարզաբանում է, որ Երեւանի ավագանին որեւէ նոր հարկատեսակ չի սահմանել, ընդամենը կիրառել է 1997-ին ԱԺ ընդունած «Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին» օրենքը։ Խոսքը, այսինքն, ոչ թե հարկ սահմանելու մասին է, այլ տուրք գանձելու։ Եվ այս բանի հեղինակը ոչ թե Երեւանի ավագանին է, այլ Ազգային ժողովը։ Դե, փառք Աստծո, որ այդպես է։ Հարկը, ախր, սարսափելի բան է։ Ուրիշ է տուրքը։ Տուրքը պոետիկ է հնչում։ Անգամ հայրենասիրական զգացումներ է արթնացնում մարդու մեջ։ Բավական է միայն արտասանել՝ «ազգային տուրք», եւ մարդ ակամա ուզում է նվիրաբերել ունեցած-չունեցածը։ Հետեւաբար, շատ ավելի լավ է տուրք տալ շուն պահելու համար, քան շնահարկ վճարել։ Քաղաքապետարանը նաեւ հստակեցրել է, որ կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրքը սահմանվել է 5000 դրամ։ Իսկ ո՞ր կենդանիների մասին է խոսքը: «Պարզաբանենք՝ շուն, կատու», - պարզաբանել է քաղաքապետարանը։ Սրանով համայնքային բյուջե չես լցնի։ Ակնկալվում է տարեկան ընդամենը 1 մլն դրամ։ Այսինքն՝ խոսքը ընդամենը 200 կենդանու մասին է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG