Մատչելիության հղումներ

Վերին Լարսի բացումը կկրճատի բեռնափոխադրումների ժամկետներն ու ծախսերը


Վերին Լարսի անցակետը, 1-ը մարտի, 2010թ.
Վերին Լարսի անցակետը, 1-ը մարտի, 2010թ.

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը, որ մարտի 1-ից արդեն բաց է մարդատար ավտոմեքենաների համար, բեռնափոխադրումների համար կսկսի գործել մայիսի 1-ից եւ կգործի մինչեւ նոյեմբեր: Բեռնափոխադրումներով զբաղվող հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները ակնկալում են բեռնափոխադրումների ժամկետների ու ծախսերի կրճատում:

«Վերին Լարս մաքսակետի բացումը մեծ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար: Մենք երկար ժամանակ սպասում էինք այդ մաքսակետի բացմանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Սաթի» ընկերության ղեկավար Մակար Առաքելյանը: - «Հայկական մեքենաները դեպի Ռուսաստան կամ ԱՊՀ գնում էին միայն Փոթի - Նովոռոսիյսկ բուլղարական լաստանավով, իսկ [ցամաքային] սահմանի բացումը կբերի նրան, որ մեր բեռնատարները կսկսեն ավելի ակտիվ աշխատել»:

Առաքելյանի խոսքով, ամենակարեւորն այն է, որ ցամաքային ճանապարհի բացման դեպքում էականորեն կկրճատվեն բեռնափոխադրումների ժամկետները, ինչպես նաեւ ծախսերը:

«Լաստանավը Փոթիից Նովոռոսիյսկ մեկնում է տասը օրը մեկ, եւ Հայաստանից բեռնատարը Ռուսաստան կամ այլ երկիր գնալու համար ամենաքիչը 10-12 օրում էր հասնում իր փոխադրման վայրը: Բեռ ձեռք բերելն ու հետադարձ գալը միասին տեւում էր մոտավորապես մեկ ամիս: Իսկ այս պարագայում, ես կարծում եմ, 4-5 օրվա մեջ մեր բեռնատար մեքենան կհասնի իր հասցեատիրոջը: Հիմնականում ռուսական շուկայի մասին է խոսքը», - ասաց Մակար Առաքելյանը:

Թարմ մրգի արտահանմամբ եւ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ավանգարդ-տրանս» ընկերության գլխավոր տնօրեն Ահարոն Խլղաթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ Վերին Լարսի բացումը իրենց կազատի «նավահանգստում օրերով սպասելու ու լրացուցիչ գումարներ ծախսելու խնդիրներից»:

«Բավականին շատ ծախսեր կան, որոնք, իմ կարծիքով, մի 20 տոկոսով կնվազեն, եւ, բնականաբար, բեռնափոխադրումների արժեքները նույնպես կպակասեն», - հավելեց նա:

Հայաստանի քաղաքացիների համար Վերին Լարս անցակետի բացումը հազիվ թե նկատելի փոփոխությունների հանգեցնի ներմուծվող սպառողական ապրանքների գների առումով, քանի որ, ինչպես ասաց Մակար Առաքելյանը, դրանք ներմուծվում են հիմնականում երկաթուղով:

Վերին Լարս անձագրային հսկիչ կետը փակվել էր 2006 թվականի հուլիսին: Ռուսաստանից եւ ԱՊՀ մի շարք երկրներից դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի այդ երկրները բեռնափոխադրումները կատարվում են միայն վրացական Փոթի նավահանգստից դեպի Ռուսաստան կամ Ուկրաինա մեկնող լաստանավերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG