Մատչելիության հղումներ

Մարտի 6-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը արտացոլում է թուրք-ամերիկյան եւ թուրք-իսրայելական հարաբերությունների ներկայիս վիճակը: Անմիջական կապ հայերի, Հայաստանի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հետ այդ բանաձեւը չունի, ինչպես եւ չուներ նախորդ երեք անգամ, երբ հանձնաժողովը նույն բանը արեց: Իսկ համամարդկային արժեքների հետ, որոնք վկայակոչում է իր շնորհակալական նամակում մեր արտգործնախարարը, այդ քվեարկությունը ընդհանրապես առնչություն չունի: Ո՞ւր էր, թե որեւէ պետության (առավել եւս՝ գերտերության) որեւէ իշխանություն առաջնորդվեր համամարդկային արժեքներով: Գուցե այդ արժեքնե՞րն է փնտրում նույն Միացյալ Նահանգները Իրաքում կամ Աֆղանստանում: Կամ թերեւս դրա հիման վրա՞ է Ռուսաստանը նվաճել Հարավային Օսեթիան եւ Աբխազիան: Եվ ընդհանրապես՝ եթե գերտերությունները առաջնորդվեին համամարդկային արժեքներով, ապա 1915 թվականին թուրքական կառավարությունը չէր կարողանա ծրագրել եւ իրականացնել հայերի ցեղասպանությունը, եւ հիմա էլ դրա ճանաչել-չճանաչելու խնդիրը չէր առաջանա»:

«Ահա թե ինչ է ստացվում», - բացականչում է «Գոլոս Արմենիի»-ին. - «Ըստ իրեն Հայ ազգային կոնգրես կոչող ուժի ներկայացուցչի տրամաբանության, Ցեղասպանության ճանաչումը չի հանդիսանում Հայաստան պետության նպատակը. այն բացառապես Սփյուռքի եւ ողջ մարդկության խնդիրն է: Դժվար չէ կանխատեսել, թե մենք ինչի կհասնենք նման մոտեցում կիրառելով եւ ինչ տխուր արդյունքներ կունենանք ոչ միայն ճանաչման պրոցեսում, այլեւ Հայաստանի ու հայության հետագա ճակատագրի համար: Ինչպեսեւ գաղտնիք չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի 90-ականներից անփոփոխ մնացած քաղաքականության պատճառը՝ հանկարծ չվիրավորել Թուրքիային: Չի կարող քմծիծաղ չառաջացնել հայկական պետության կողմից Ցեղասպանության ճանաչման որեւէ գործողությունից թուրքերին սիրալիր պաշտպանելը մի քաղաքական ուժի կողմից, որն ապացուցել է իր բացարձակ անկարողությունը այլոց թվում նաեւ արտաքին քաղաքականության եւ համազգային խնդիրներ լուծելու հարցում»:

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Հիմա ՀԱԿ-ի առաջնորդը հեղինակություն չէ նույնիսկ շարժման շրջանակում։ Վարկանիշի այսօրինակ անկումը հուշում է, որ միչեւ 2012 թվականը արմատականներից միայն հուշեր կմնան։ Այս հեռանկարի վախից է ՀԱԿ-ում ներքին պայքար ծավալվել, քանի որ նոր առաջնորդի պահանջարկ է առաջացել։ Հին առաջնորդով երրորդ անգամ նույն գետը մտնելու դեպքում ՀԱԿ-ը ուղղակի կխեղդվի։ Արմատականների ճամբարում խուճապն էլ ավելի է թեժանում, քանի որ քննադատողներին միացել է նաեւ «Ժառանգություն»-ը։ Սակայն Տեր-Պետրոսյանի թիմին հատկապես հունից հանում է Դաշնակցության արդյունավետ ընդդիմադիր գործունեությունը»:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողը փորձել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանից պարզել, թե հնարավո՞ր է արդյոք «Ժառանգություն» - «Նոր ժամանակներ» - Հայ ազգային կոնգրես համագործակցությունն այժմ: Այդ ուժերը, հիշեցնենք, միավորված էին 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Արամ Կարապետյանը ասել է. - «Ես կարծում եմ, բոլորս էլ այդ համագործակցության շրջանակների մեջ ենք: Բայց քանի դեռ քաղաքական պահ չկա, ինչի՞ շուրջ համագործակցենք: Նման բաներ լինում են կամ ընտրություններից առաջ, կամ քաղաքական ինչ-որ պահի, երբ ինչ-որ ֆորմատ է ձեւավորվում, երբ ինչ-որ բան է տեղի ունենում: Այնպես էլ համագործակցում ենք էլի, իրենք միտինգ են անում, մենք հոդված ենք տպում: Հարց չկա, որեւէ խնդիր գոյություն չունի, բայց որպեսզի դա տանող ինչ-որ բան ստեղծվի, պետք է քաղաքական պահ լինի»: Լրագրողը Արամ Կարապետյանին նաեւ հարցրել է, թե արդյո՞ք նա արտահերթ ընտրությունների նախադրյալներ չի տեսնում: «Բոլոր նախադրյալները տեսնում եմ արտահերթ ընտրությունների համար, բայց Հայաստանում միայն նախադրյալները քիչ են, քայլեր են պետք»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Վերջին ամիսների ամենից աղմկոտ հրապարակումները կապված էին ռուսական wek.ru եւ versia.ru կայքերում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ տեղեկատվության հետ: Եվ տեղեկություններն էին տպավորիչ, եւ արձագանքներն էին համարժեք: Զարմանալի է, որ մի քանի անհոդաբաշխ հայհոյանքից ու էմոցիոնալ գնահատականներից բացի, հոդվածներում նշված անձինք չպատասխանեցին այդ հրապարակումներին: Իսկ երեկ իրավապահ համակարգի մի ներկայացուցիչ նշել է. - «Ոստիկանությունը լուրջ չի վերաբերվում այդ տեղեկություններին եւ չի պատրաստվում հետաքննություն անցկացնել»: Այսինքն, կազմակերպված հանցավորության դեմ պայքար ասելով, ոստիկանական շեֆերը հասկանում են մի հազար դոլարանոց կաշառքի հայտնաբերումը, իսկ կոռումպացված բարձրաստիճան չինովնիկ ասելով՝ մի «անթիկունք» քննիչ կամ մի որեւէ նախարարության վարչության պետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG