Մատչելիության հղումներ

Մարտի 5-ի մամուլ


«Հայք»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ այնպիսի տպավորություն էր, որ հայ ժողովուրդը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի քննարկմանը եւ քվեարկությանը հետեւում է սպորտային հետաքրքրությամբ: Շատերը նույնիսկ գրազ էին գալիս, կային մարդիկ, որոնք այնքան էին ոգեւորվել, որ հավատում էին, որ այդ քվեարկությունից է կախված հայ ժողովրդի ապագան: Անկասկած, շատ լավ կլինի, որ ԱՄՆ դատապարտի ցեղասպանությունը, բայց ոչ նրա համար, որ դրանից Հայաստանը կամ հայերը նյութական օգուտ կստանան, այլ նրա համար, որ այդ քայլը հավանաբար կկանխի նմանատիպ ողբերգությունները, իսկ Թուրքիան էլ կհասկանա, որ ավելի լավ է ընդունել դառը ճշմարտությունը, քան ապրել հերքելով անհերքելին: Կասկածից վեր է, որ ցեղասպանության ճանաչումից եւ դատապարտումից հետո Թուրքիան ավելի ուժեղ պետություն կդառնա, իսկ մենք ձեռք կբերենք քաղաքակիրթ հարեւան: Բայց, ամենավատն այն է, որ հայ եւ թուրք ժողովուրդները դեռ պատրաստ չեն այս տարբերակին: Թուրքերը համառորեն պնդում են, թե ցեղասպանություն չի եղել, իսկ հայերն էլ կարծում են, թե ինչ-որ մի քեռի Թուրքիայից մի մեծ կտոր է պոկելու եւ հանձնելու Հայաստանին: Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա այն ավարտվեց 23:22 հաշվով»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Եկել է լուրջ որոշումներ ընդունելու ժամանակը: Եվ չնայած բոլորը խոսում են արտաքին քաղաքականության մասին, կարծում եմ, որ այդ որոշումները պետք է ընդունվեն նախեւառաջ սոցիալ-տնտեսական բնագավառում: Այդ քայլերը հասարակությունը սպասում է, բնականաբար, իշխանությունից, կառավարությունից, որն այս առումով չափազանց կրավորական է: Պարտքով փող վերցնելու եւ նոր հարկեր հորինելու համար մեծ խելք պետք չէ` դա ակտիվության կամ վճռականության դրսեւորում չէ: Ավելի պայծառ գաղափար, քան հյուրանոցներից կամ շուն պահողներից հարկ վերցնելն է, մեր իշխանավորների մտքով չի անցնում: Ի՞նչ է, կառավարությունը չգիտի՞, թե ինչպիսի արագությամբ է մեր տնտեսությունը գահավիժում: Ինձնից լավ գիտի: Բայց ժողովրդին «դուխ է տալիս»` ասելով, որ մենք դուրս ենք եկել ճգնաժամից, այն էլ` պատվով: Սակայն եթե ընդդիմության հիմնական գործառույթը քարոզելն է, ապա իշխանության եւ առաջին հերթին` կառավարության խնդիրը գործելն է: Ժողովրդի «դուխը կբարձրանա» ոչ թե դատարկ խոսքերի ազդեցության տակ, այլ այն դեպքում, եթե նա տեսնի իրական քայլեր, որոնք նրա վիճակը մի փոքր կբարելավեն»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ընդդիմությունն արտահերթ ընտրությունների պահանջը ներկայացնում է որպես իրավիճակի հանգուցալուծման տարբերակ: Ընդդիմությունն ինքն էլ, թերեւս, հասկանում է, որ իշխանությունը սեփական կամքով հազիվ թե գնա այդպիսի քայլի, եթե չլինեն պարտադրող հանգամանքներ: Նաեւ ընդդիմությունը, այսինքն` Հայ ազգային կոնգրեսը, պարզ հայտարարել է, որ չունի միայնակ իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն եւ ռեսուրս: Այսինքն` ակնհայտ է, որ Կոնգրեսը գիտակցում է արտահերթ ընտրությունների պահանջի անկատարության ավելի մեծ հավանականությունը, քան հավանականությունը, որ կարող է այդ պահանջը կատարվել: Բայց դա չի խանգարում իշխանությանը ներկայացնել այդպիսի պահանջ: Դա պահանջ է, ոչ թե հասարակությանը տրված խոստում»:

«Երկիր» շաբաթաթերթը գրում է. - «Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի այցը Երեւան նշանավորվեց «կարեւոր» իրադարձությամբ: Պարզվում է` Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները, դիմել են անդամակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: Եվրոպացիները ճիշտ կանեն` մեր աջերին «բիրիքով» ընդունեն ԵԺԿ. ինչպես ասում են` «չկա չարիք առանց բարիքի»: Երեւի անդամակցեն, չի բացառվում` փորձի փոխանակում էլ լինի, ու եթե մերոնք իսկապես հասկանան, ավելին` փորձեն մեզ մոտ բերել աջ գաղափարախոսության իրական արժեքներ, մենք դեմ չենք լինի: Կարեւոր է նաեւ նախապես պայմանավորվել, որ կուսակցությունից կուսակցություն թռնել չկա, եթե հանկարծ ԵԺԿ-ի գործերը վատ գնան ու հաջորդ ընտրություններին, օրինակ, սոցիալիստները կամ ազգայնականները հաղթեն, մերոնք չգայթակղվեն ու սկսեն իրենց կոստյումներին ամրացնել սոցիալիստների կրծքանշանները: Խայտառակ կլինենք, որովհետեւ այդպիսի կրծքանշան իրականում գոյություն չունի»:

«Կապիտալ»-ի հետ զրույցում Ռուսաստանի խոշորագույն ներդրումային ընկերության` «Տրոյկա դիալոգ»-ի հիմնական բաժնետեր եւ նախագահ Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է Հայաստանի ապագայի իր տեսլականը. - «Կարող եմ ասել, որ Հայաստանն անցավ ամենավատ փուլը, երբ 2009 թվականին եղավ երկնիշ անկում։ Հայաստանը բնական ռեսուրսներով հարուստ չէ, եւ հիմնականն այստեղ շինարարությունն է: Եթե հնարավոր լինի իրականացնել, օրինակ, նոր ատոմակայանի կառուցման նախագիծը, ապա դա լուրջ էֆեկտ կունենա տնտեսության զարգացման վրա։ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության թեմաները ամենաակտուալն են։ Ասվում է, որ մեզ մոտ բեկում կլինի, եւ կկառուցենք Սիլիկոնային հովիտ։ Բայց իմ կարծիքով` դա ոչ թե Սիլիկոնային, այլ «կայծքարային» հովիտ կլինի։ Ես կարծում եմ, որ առանցքային հարցը լինելու է ոչ թե ուղղակի զբոսաշրջությունը, այլ խելացի զբոսաշրջությունը։ Օրինակ` առողջարանային զբոսաշրջություն, երբ մարդիկ գումարներ կծախսեն ոչ միայն հանգստանալու, այլեւ բուժվելու նպատակով։ Այստեղ կարեւոր է գտնել ճիշտ մոդելը, ինչն այնքան հեշտ գործ չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG